Էջ:Shirvanzade, Collection works, vol. 6.djvu/80

Այս էջը հաստատված է

զվարթ կվերադառնաս։ Առաջ մենք կգնանք Ռուսաստան, կգնանք Մոսկվա, Պետերբուրգ։ Ամառվա սկզբին կանցնենք արտասահման, կշրջենք ցամաքով և ծովով, կտեսնենք նոր մարդիկ, նոր աշխարհ։ Իսկ առաջիկա ձմեռը կվերադառնանք Թիֆլիս։

ՀԵՂԻՆԵ. Ոչ. այդ մասին բավական է, խնդրում եմ։ Ես չեմ կարող բաժանվել ո՛չ իմ մորից և ո՛չ... (մեկուսի) ինչո՞ւ հիշել մյուսին։
ԳԱՐԵԳԻՆ. (Մեկուսի) Եվ ոչ զավակից, ահա երկու ծայրեր, որ մարդու կյանքը ճնշում են երկու կողմից։ (Ներս է մտնում Անյուտան վախեցած):


ՏԵՍԻԼ ԺԱ․

ՆՐԱՆՔ և ԱՆՅՈՒՏԱ


ԱՆՅՈԻՏԱ. Իշխանուհի՛։
ՀԵՂԻՆԵ. Ի՞նչ պատահեց։
ԱՆՅՈԻՏԱ. Ա՜խ սիրտս։ Հիշո՞ւմ եք այն Դալալյանին, նա այստեղ է։
ՀԵՂԻՆԵ. Ի՞նչ է կամենում։
ԱՆՅՈԻՏԱ. Երեխային։ Ասում է տվեք, թե չէ, դռները կփշրեմ և ուժով կվերցնեմ։
ՀԵՂԻՆԵ. (Մեկուսի) Այդքան կոպիտ անգթությո՞ւն։ (Անյուտային) Տվեք իրան երե՛խային. աղաչում եմ, տվեք տանի։
ԳԱՐԵԳԻՆ. Բռնութամբ, երբե՛ք։ Հեղինե՛, եթե ինձ հարգում ես, հեռացիր այստեղից մի քանի րոպե։ (Անյուտային) Թող այդ մարդը ներս գա։ (Անյուտան գնում է):
ՀԵՂԻՆԵ. Գարեգի՛ն, դու նրա հետ զգույշ վարվիր․ նա մի սրիկա մարդ է։
ԳԱՐԵԳԻՆ. Թող լինի, միայն թե դու հեռացիր։
ՀԵՂԻՆԵ. (Մեկուսի) Այդքան անպատվություն կրել և ապրե՞լ։ Ոչ. այն հանցավոր միտքը վարակում է իմ ամբողջ էությունը։ (Գնում է աջ դռներով):