Էջ:Shirvanzade, Collection works, vol. 6.djvu/81

Այս էջը հաստատված է


ՏԵՍԻԼ ԺԲ․

ԳԱՐԵԳԻՆ և ԴԱԼԱԼՅԱՆ(միջին դռներից ներս մտնելով)


ԳԱՐԵԳԻՆ․ Ո՞վ եք դուք։:
ԴԱԼԱԼՅԱՆ. Նորին պայծառափայլություն, իշխան Միխայել Եգորովիչ Բեգմուրյանի եղբայրը։
ԳԱՐԵԳԻՆ. Եղբա՞յրը։
ԴԱԼԱԼՅԱՆ. Այո, համարյա թե հարազատ։ Մայրս նրա դայակն է եղել, մենք միասին միևնույն կրծքից ենք ծիծ կերել։ Իշխանը ինձ սիրում է եղբորից ավելի, օգնում է փողով, ես էլ նրանից չեմ խնայում իմ փոքրիկ ծառայությունները։
ԳԱՐԵԳԻՆ․ Այժմ ի՞նչ եք կամենում։
ԴԱԼԱԼՅԱՆ. Եղբորս երեխային։
ԳԱՐԵԳԻՆ. Ասացեք իշխանին, որ երեխային ես բռնությամբ պահում եմ և երբեք չպիտի տամ։
ԴԱԼԱԼՅԱՆ. Դուք այդ արդեն գրել եք իշխանին։ Այո, նա ձեր նամակը ստացավ և ինձ ուղարկեց բռնության դեմ բռնություն գործ դնելու։ Նորին պայծառափայլությունը, պարոն, ձեզանից վիրավորված է, ձեզ խորհուրդ չեմ տալիս նրան հանդիպել։ Վերջին ժամանակ նրան ճանաչել չի լինի։ Պարտատերերը նրան խեղդում են, այսօր-վաղը տան կահ-կարասին փողոց կհանեն ծախելու։ Դուք այդ բանը երևի գիտեիք, որովհետև ձեր նամակում նրան առաջարկել էիք երեխային փողով ծախել ձեզ։ Հենց այդ բանն է նրան կատաղեցրել։ Կրկնում եմ, չլինի թե հանդիպեք նրան. քաղցած առյուծը վտանգավոր է։
ԳԱՐԵԳԻՆ. Բավական է. գնացեք պարո՛ն, այդ վտանգավոր առյուծին ասացեք, որ ես նրան կրկին անգամ համարում եմ մի անբարոյական մարդ և երբեք իմ քրոջ զավակին չեմ հանձնի նրա խնամքին։
ԴԱԼԱԼՅԱՆ. Նախ ես այստեղից կգնամ երեխային գրկած, երկրորդ եթե ձեր ասածը նրան հայտնեմ, նա ինքը կգա հենց այստեղ ձեզ պատասխանելու։ Կրկնում եմ, նա շատ է փոխվել։
ԳԱՐԵԳԻՆ. Կրկնում եմ, կատարեցեք իմ պատվերը։