ԳԱՐԵԳԻՆ. (Տատանվելով) Երդվում եմ, որ իմ գնալը ինձ ոչ մի վտանգ չի սպառնում այս անգամ։ (Գնում է շտապով):
ՏԵՍԻԼ ԺԴ.
ՀԵՂԻՆԵ, հետո ԱՆՅՈՒՏԱ
ՀԵՂԻՆԵ. (Միայնակ) Ի՞նչ ասաց․ այո անգա՞մ. ուրեմն մյուս անգամ սպաոնում Է։ Այո, ես լսեցի ամեն բան և տեսա, որ ատրճանակը գրպանը դրեց։ Կռիվը վատ ընթացք է ստանում, եղբայրս, կարծեմ, նրան մենամարտության է ուզում հրավիրել։ Օ՜հ, նա վտանգի ենթարկվի ի՞մ պաաճառով, մի՞թե ես այդքան տկար եմ։ Ոչ, ոչ, հազար անգամ ոչ, պետք է մի հարվածով հանգույցը լուծել։ Եվ այդ հարվածը իմ ձեռքին է, իսկ ես տակավին տատանվում եմ։ Երկյուղից․ ոչ, այլ մի ավելի զորավոր բանից։ Դա այն ծերունի կնոջ կերպարանքն է։ Ա՜խ։ մա՛յր, խե՜ղճ մայր, դու չես դիմանա այդ հարվածին։ Այնինչ նա իմ տառապանքի, քո որդու և եղբոր կյանքը փրկելու միակ դարմանն է, այո, միակ դարմանը։
ԱՆՅՈՒՏԱ. (Ներս է մտնում միջին դռներից) Իշխանուհի՛, ձեր եղբայրը հրամայեց ինձ ոչ ոքի չընդունել։ Բայց մեկը եկել և անպատճառ ուզում է ձեզ տեսնել։ Այստեղից չեմ հեռանա, ասում է, մինչև որ նրա հետ անձամբ չտեսակցեմ։
ՀԵՂԻՆԵ. Ո՞վ է նա։
ԱՆՅՈՒՏԱ. Վախենում եմ անունն անգամ հայտնել։
ՀԵՂԻՆԵ. Ասա, թեկուզ մի չար ուրվական լինի, պատրաստ եմ ընդունել։
ԱՆՅՈԻՏԱ. Սուլիկյանը։
ՀԵՂԻՆԵ. Սուլիկյա՞նը, նա այստե՞ղ։ (Ներս է մտնում Սուլիկյանը):