Էջ:Shirvanzade, Collection works, vol. 6.djvu/85

Այս էջը հաստատված է

հաղթող հանդիսացավ։ Ես տեսա, որ անդառնալի կերպով մղվում եմ դեպի մի մութ անդունդ։ Այդպես ես ընկա ձեր առաջ։ Սակայն դուք իմ մեջ զարթեցրիք մի մաքուր, անարատ զգացում, որին անծանոթ էի։ Դուք ինձ սովորցրիք սիրել գաղափարական սիրով, Համեստ, բայց անհաղթելի առաքինությունը, որ գուցե մինչև այդ ժամանակ ինձ համար ձանձրալի էր։ Իշխանուհի՛, ամբոխը անողոք է իր սխալների մեջ, ինչպես նա անողոք է, երբ մեկին դատապարտում է արդարացի կերպով։ Այսօր ես արժանի եմ հասարակական դատաստանի արդար պատժին, իսկ դուք նրա մոլորության անմեղ զոհն եք, ձեր անարգ ամուսնու պատճառով, այն մարդու, որի ընկերը լինելու հանցանքն եմ ունեցել։ Այդ է, որ կրկնապատկում է իմ վիշտը և զորեղացնում իմ մեջ խղճի խայթոցը։ Իշխանուհի՛, եղեք վեհանձն, ինչպես և եղել եք միշտ, ազատեցեք ինձ իմ ներքին դժոխքից։ Ներեցեք հանցավորիս, բայց ակամա հանցավորիս, աղերսում եմ, որովհետև ձեր ներումը միայն կարող է արդարացնել իմ գոյությունը։

ՀԵՂԻՆԵ. Բավական է, ես հասկացա ձեր տարօրինակ այցելության նպատակը։ Այժմ լսեցեք և դուք։ Ես ոչ ոքի դեմ ոխ չունեմ։ Իմ թշվառության պատճառը միայն մի մարդ է, որի անունը վաղուց դադարել եմ հիշել։ Եթե այսօր ձեր անունը հասարակության մեջ հիշվում է իմ անարգված անվան հետ միասին, դա ոչ այնքան ձեր հանցանքն է, որքան այն մարդու։ Ես չեմ դատապարտում ձեր այն զգացումը, որ ունեցել եք դեպի ինձ, որովհետև դա ձեր կամքի դեմ է եղել, որովհետև դուք վատ մարդ չէիք: Այժմ ահա իմ պատասխանը, հեռացեք այստեղից ավելի հանգիստ հոգով, քան եկել եք։
ՍՈԻԼԻԿՅԱՆ. Բարի՜ կին, ուրեմն դուք ինձ խղճում եք, այնպես չէ՞, ասացեք՝ խղճում եք և ներում։ (Ներս է գալիս միջին դռներից Գարեգինը):