Էջ:Shirvanzade, Collection works, vol. 6.djvu/88

Այս էջը հաստատված է

ստացեք ինձանից իմ երեխային։ (Գնում է, Հոռոմը և Մարիամը նրա հետևից դեպի աջ):

ԳԱՐԵԳԻՆ. (Մեկուսի) Ես ապշած եմ այդ կնոջ համբերության վրա։ Ի՞նչ է նշանակում այդ տարօրինակ սառնությունը, որ հանկարծ տիրեց նրան։ (Գնում է նույն դռներով):
ՍՈՒԼԻԿՅԱՆ. (Մի քանի քայլ առաջ գալով) Ոչ, ես այստեղից չեմ կարող հեռանալ։ Անշուշտ մի ծանր դժբախտություն պետք է տեղի ունենա այստեղ։ Հեղինեն ուրվական է դարձել։ Նրա ամուսինը պետք է գա այսօր։ Թող ինչ որ լինելու է իմ ներկայությամբ լինի. Գարեգինն էլ այդպես ասաց։ Առժամանակ դուրս գամ։ (Գնում է միջին դռներով):


ՏԵՍԻԼ ԺԸ.

ՀԵՂԻՆԵ (միայնակ)


ՀԵՂԵՆԵ. (Դուրս է գալիս աջ դռներից) Նրանք խլեցին իմ զավակին, իմ միակ հույսը և ապավենը։ Վերջին անգամ սեղմեցի նրան իմ կրծքին, և վերջին անգամ ջերմ արցունքը շաղախեց իմ հրատապ աչքերը։ Վերցրեց նրան իմ սկեսուրը, տվեց ծառային և տարավ։ Նա, ձեռքերը տարածած դեպի ինձ, թոթով լեզվով մայրի՜կ էր աղաղակում։ Ես այլևս չպիտի լսեմ այդ ձայնը։ Ուրեմն լրացավ իմ դառնության բաժակը։ Ո՞վ պետք է նրան դատարկի։ Եղբա՞յրս, օօ՜օ, սարսուռ է անցնում ամբողջ մարմնովս։ Նա՞, ինչու ես պիտի թույլ տամ նրան այդ քայլը անել։ Արյո՞ւն թափել, ես տեսնե՞մ նրա արյունը։ Ոչ, եթե իմ մեջ իսպառ մեռել է կյանքի հույսը, եթե ես կորցրել եմ իմ սերը, ամուսնուս, զավակիս, եթե զրկվել եմ անունից, պատվից, եթե աշխարհի մեջ մի անարգված, ստորացած արարածի հռչակ եմ վայելում, բայց տակավին կա իմ մեջ սեր դեպի իմ եղբայրը և մայրը և գոնե մի կաթիլ ինքնասիրություն։ Ուրեմն վերջին հարվածը ինձ պետք է հասնի։ Տամ այդ հարվածը, քանի ուշ չէ, քանի Գարեգինը չի հանդիպել այն մարդուն... Ահա