Էջ:Shirvanzade, Collection works, vol. 6.djvu/9

Այս էջը հաստատված է

ՏԵՍԻԼ Բ.

ՆՐԱՆՔ և ՕԼԳԱ

ՕԼԳԱ. Անյո՛ւտա, դու այստե՞ղ ես։ Քանի անգամ եմ քեզ ասել չհեռանաս ինձանից, երբ ես տանն եմ։ Կառապանին հրամայեցի՞ր։

ԱՆՅՈՒՏԱ. Այո, լծում է։

ՕԼԳԱ. (Տեսնելով Սիմոնին) Օ՜, mon Dio- դու դեռ հագնվա՞ծ չես, այդ ի՞նչ անկարգություն է։

ՍԻՄՈՆ. Իսկույն, օրիո՛րդ, իսկույն։

ՕԼԳԱ. Ծույլ, կոպիտ հայ։ Դուք միշտ այդպես եք, մինչև որ մի բան տասն անգամ չհրամայեն, չեք կատարի։ Հազար անգամ ասել եմ, որ այս տանը հայ ծառա չպիտի լինի։ Եղբորս կինն է մեղավոր, որ քեզ պահում է։ Գնա՛, շուտ հագնվիր։ Տե՛ս, լավ լվացվիր, մաքուր շապիկ հագիր, չլինի թե այն օրվա պես ցիլինդրի փոխարեն ֆուրաժկա դնես: Ձեռնոցդ էլ չմոռանաս։

ՍԻՄՈՆ. Աչքիս վրա, աչքիս վրա։ (Մի կողմ) Օ՜հ, о՜հ, о՜հ, վա՜յ այն մարդուն, որ քեզ հետ կամուսնանա։ (Գնում է միջին դռներով):

ՕԼԳԱ. (Անյուտային) Իսկ դու գնա, տուալետիս սեղանը կարգի բեր։ Անուշահոտ յուղերիս ձեռ չտաս։ Հետո շուտով եկ, ինձ ճանապարհ դիր մինչև կառքը։ (Անյուտան գնում է) Արդյոք ուշ չէ՞։ (Նայում է ծոցի ժամացույցին) Տասնումեկից տասը րոպե անց է։ Դեռ ժամանակ կա։ (Նայում է հայելուն) Լիզա Պանովսկայային խոսք եմ տվել մեր տնային կառքով գնալ երաժշտական դպրոց։ Այսօր այնտեղ նվագահանդես է։ Եղանակը լավ է, տանը նստել չեմ կարողանում։ Եվ ի՞նչ գործ ունեմ կամ ո՞ւմ հետ մնամ այստեղ։ Եղբորս կնո՞ջ հետ.․. Ֆի դո՜ն... շատ տաղտկալի է։ Երկուսուկես տարի է իշխանուհի է, դեռ չի ընտելացել մեր շրջանի կյանքին։ Ահա ձեզ բախտ, այն տեսակ մարդու աղջիկը եղբորս պես մի մարդու ամուսինը դառնա, իսկ ես և ինձ նմանները մնան տանը... Ա՜հ, (Նայելով հայելուն) այսօր ի՜նչ գրավիչ եմ... (Ներս է մտնում աջ դռներից Մարիամը):