Էջ:Shirvanzade, Collection works, vol. 6.djvu/97

Այս էջը հաստատված է

ԵՎԳԻՆԵ. Այժմ ես նրան ճանաչում եմ ավելի, քան թե դու։

ՏԻԿ. ՄԱՐԹԱ. Այո՞։ Կնշանակե գիտես, որ եթե նրան վշտացնես— կդժբախտանա։
ԵՎԳԻՆԵ. (Թեթև հառաչելով) Ինչո՞ւ պիտի վշտացնեմ, քանի որ սիրում եմ։
ՏԻԿ. ՄԱՐԹԱ. Իսկ նա քեզ ուղղակի պաշտում է։ Նա չի էլ կարող ուրիշ կերպ սիրել։ Նրա բնավորությունն անխառն է, հաստատ և, այսպես ասած, ամբողջ։ Այդ տեսակ մարդիկ երբ սիրում են, սիրում են անկեղծ, խորը և անվերջ սիրով։ Բայց, շողոքորտություն չհամարես, դու էլ նրա նման ես։ Դուք երկուքդ, իմ կարծիքով, միևնույն բնավորության տեր եք։ Զարմանալի է, որ ասում են, թե միայն կոնտրաստներն են միմյանց սիրում։
ԵՎԳԻՆԵ. Չգիտեմ, կա՞ իմ մեջ նրա արժանավորություններից որևէ մեկը, թե չէ, գիտեմ, որ ոչ միայն սիրում եմ նրան, այլև հարգում։ Նա այն մարդն է, որին վաղուց ստեղծել էր երևակայությունս և որԻն ես ուշ ճանաչեցի։ Հարգում եմ նրա սրտի պարզությունը, խելքի կորովը, կամքի ուժը։ Այո, նա զորեղ կամքի տեր է։ Միմիայն յուր խելքին է պարտական այն դիրքը, որ նա ունի մեր քաղաքի հարյուրավոր փաստաբանների մեջ։ (Վեր է կենում ու շրջում):
ՏԻԿ. ՄԱՐԹԱ. Արի այդ խոսքերիդ համար քեզ համբուրեմ։ (Վեր է կենում ու համբուրում): Այդ կարծիքը պատիվ է բերում քեզ, Եվգինե, Նշանակում է, որ դու երախտագետ ես, իսկ երախտագիտությունը մեր Ժամանակում մեծ արժանիք է։ Եվ ինչպե՞ս չլինել երախտագետ։ Հակառակ ընդհանուր ախտի, նա չհափշտակվեց ոչ օժիտով և ոչ կապերով և շատ հարսնացուների մեջ քեզ ընտրեց. քեզ, որ համարյա ոչինչ չունեիր, բացի անձնական արժանավորություններից։ (Լսում է և, նայելով Եվգինեին, ժպտում): Միայն իմացիր, որ եթե մի օր դու նրան վշտացնես, կատեմ քեզ։ Իսկ դու գիտես, թե որքան եմ ատում, երբ ատում եմ։
ԵՎԳԻՆԵ․ (Նայում է աչքերին, աշխատելով ժպտալ): Գիտեմ...