ՏԻԿ. ՄԱՐԹԱ. Հըմ, էլի քեփդ լավ եմ տեսնում։ Այդ ո՞րտեղից։
ՍԱՌԱՓՅԱՆ. Բուրժուական ճաշիդ եմ գալիս։ (Ընկղմվելով օրորվող բազկաթոռի վրա) Ներեցեք, քույր Մարթա , այս բազկաթոռը նպաստում է մարսողության։ Միրզաջանովների տանն էի, իրանց փեսացվի ծնողներին ճաշ էին տալիս։ Է՜է, թույր Մարթա, մեր հասարակությունը լուսավորվել է: Այժմ պահանջում են, որ ֆրակով գնանք ճաշի։ Տասնուհինգ տարվա մեջ Միրզաջանովների տրեխները փոխվել են փայլուն կոշիկների, փափախը—ցիլինդրի, չուխան—ֆրակի։ (Հանելով ժիլետի գրպանից մի սիգար): Կարելի՞ է։ (Մարթան գլխով համաձայնության նշան է անում, նստելով բազկաթոռներից մեկի վրա): Մերսի՛։ Այո, այո, մեծ հառաջադիմության մեջ է մեր ազգը։ (Սիգարը վառում է): Պարոն Միրզաջանովն դեռ չի սովորել կերակուրը պատառաքաղով ուտել, լակեյին «պարդոն» է ասում․ տիկին Միրզաջանովն ասում է․ «աղջիկս կադը-պատր է սովորում», «տղաս վալանչել է ածում»։ Հայերեն արժանի չի համարում խոսելու։ Մի խոսքով, շիլա-փլավ։
ՏԻԿ. ՄԱՐԹԱ. Ճաշը երկա՞ր տևեց։
ՍԱՌԱՓՅԱՆ. Այո։ Հետո երիտասարդները նստեցին բակարա խաղալու, ես մի փոքր մտիկ արի, սիրտս պղտորվեր, փող չունեի, որ բախտս փորձեմ։ Քույր Մարթա, տխուր է, շա՜տ տխուր։
ՏԻԿ. ՄԱՐԹԱ. Ամուսնացեք...
ՍԱՌԱՓՅԱՆ. (Շուռ տալով ժիլետի դատարկ գրպանները) Սրանցո՞վ։ Մինչև անգամ ժամացույց էլ չունիմ. գրավ եմ դրել հյուրանոցի տիրոջ մոտ։
ՏԻԿ. ՄԱՐԹԱ. Ինչո՞ւ չեք ծառայում։
ՍԱՌԱՓՅԱՆ. Ո՞վ է պաշտոն տալիս, որ ծառայեմ։ Ինձ հրավիրում են ճաշերի, ընթրիքների, երեկույթների, հյուրասիրում են Ռեդերերի շամպանիայով, Հանրի Կլեյնի կամ Ուպմանի սիգարներով, իսկ պաշտոն չեն տալիս։
ՏԻԿ. ՄԱՐԹԱ. Երևի, անընդունակ են համարում։
ՍԱՌԱՓՅԱՆ. Անընդունա՞կ։ Ես մի ամբողջ ռոտա եմ