Էջ:Shirvanzade, Collection works, vol. 7.djvu/100

Այս էջը հաստատված է

լուսավորե, մնացողներին ազատե նոր-նոր փորձանքներից։


ԳՅՈՒԼՆԱԶ. Ամեն, տեր աստված։
ՄԱՐԻԱՄ. Ամեն։
ՀԱՅՐԱՊԵՏ. (Բաժակը զարկելով Բարխուդարի բաժակին): Գցիր, ունայնություն ունայնությանց, ասում է տեր-Իսրայելը. այսօր բաղումն ենք, էգուց հողում։ (Բաժակը դատարկում է մի կումով, գլուխը դեպի մեջքը թեքելով անմիջապես թթվեղեն է ուտում): Օրինավոր թունդ արաղ է։
ԲԱՐԽՈԻԴԱՐ. (Նախքան ուտելը, երեսն երեք անգամ խաչակնքել է): Հողումն ենք, թե բաղում, տա աստված, որ չմոռանանք վախն աստծուց և ամոթը մարդկանցից: (Օղի է խմում):
ՀԱՅՐԱՊԵՏ. (Նորից լցնելով յուր բաժակը): Իհարկե։
ԲԱՐԽՈՒԴԱՐ. (Խմում է շտապով, ինքն իր մտքերով հափշտակվելով): Բայց մարդիկ ոչ վախ ունեն, ոչ ամոթ։ Որտեղ է մեր հայրերի և պապերի ճշմարտությունը: Աբուռ չի մնացել, հայա չի մնացել, նամուս ասած բանը այսօր ճրագով են փնտրում, չկա։ (Յուր բաժակը բռնում է, որպեսզի Հայրապետը լցնե): Զզվել եմ մարդկանցից, Հայրապետ, զզվել։ Շունը շնությունով այն չի անում, ինչ որ նրանք (Խմում է):
ՀԱՅՐԱՊԵՏ. Դրուստ խոսողի ձին թամքած պիտի լինի, որ ճշմարտություն ասի ու նստի վրեն, փախչի։ Է՜Է, ինչ գործ ունինք ուրիշների հետ, ամեն մարդ ինքն է պատասխանատու յուր մեղքերի համար։
ԲԱՐԽՈԻԴԱՐ. (Իր դատարկ բաժակը տալով Հայրապետին): Կանանց համար էլ ածիր, թող մի քիչ նրանց սրտերն էլ բացվին։ (Դադարելով ուտել, մտածում է):
ՀԱՅՐԱՊԵՏ. (Բարխուդարի բաժակը լցնելով, տալիս է Մարիամին, իր բաժակը տալիս է Գյունազին): Խմեցեք մեր ընտանիքների բարեկամության կենացը։ Ինչպես մինչև այսօր ենք սիրով հարևանություն արել, տա աստված, որ այսուհետև էլ անենք։ Ի՞նչ կասես, Բարխուդար։