Էջ:Shirvanzade, Collection works, vol. 7.djvu/106

Այս էջը հաստատված է


ՏԵՍԻԼ 7




ՆՈԻՅՆՔ, ՄԱՐԻԱՄ և ԳՅՈԻԼՆԱԶ



ԲԱՐԽՈԻԴԱՐ. Բերեք, տեսնենք ինչ եք բերել։

ՄԱՐԻԱՄ. (Ձախ կողմի դռներից գալով, սփռոցի վրա է դնում երկու տեսակ մուրաբա):

ԳՅՈՒԼՆԱԶ․ (Աջ կողմի դռներից գալով, սփռոցի վրա է դնում երեք աեսակ մուրաբա):

ՀԱՅՐԱՊԵՏ. Բաց արեք երեսներդ, օրես դենը մենք քույր ու եղբայրներ ենք։

ԲԱՐԽՈԻԴԱՐ. (Շատ լուրջ ընդդիմանալով): Չէ, Հայրապետ, քույրն էլ պիտի ամաչի եղբորից։ Ինչպես իրանց մայրերն են երեսները միշտ տղամարդկանցից ծածկել, թող իրանք էլ ծածկեն։ (Մի գդալ մուրաբա ուտելով, Սմբատին): Նստիր ու այդ սուրբ ավետարանի կողքին գրիր ինչ որ ասեմ։

ՍՄԲԱՏ. (Երկու գդալ մուրաբա է ուտում, ավետարանը բաց է անում, դնում ծնկների վրա և պատրաստվում է գրել նրա կազմի ներսի կողմում):

ԲԱՐԽՈԻԴԱՐ. (Հանդիսավոր): Գրիր։ Հազար ութ հարյուր
հիսունուինը ամի տյառն մերո Հիսուսի Քրիստոսի։

ՍՄԲԱՏ. Տյառն մերո Հիսուսի Քրիստոսի։

ՀԱՅՐԱՊԵՏ. (Երեսին խաչակնքում է, մուրաբա ուտում, ծուռ, ծուռ նայելով օղու շշին, ապա Մարիամին):

ԲԱՐԽՈԻԴԱՐ. Մայիս ամսի տասին, հրամանավն աստծո, եղյալ է երկրաշարժ մեծ։ Զյուլում։

ՍՄԲԱՏ. Զյուլում։

ԲԱՐԽՈԻԴԱՐ. Բազում տներ, քարվանսարաներ, երեք մեչիտ, չորս բաղնիս քանդյալ է։

ՍՄԲԱՏ. Քանդյալ է։

ԲԱՐԽՈԻԴԱՐ. Բազում մարդիկ կոտորյալ է վասն մեղաց մերո, անօրինաց։

ՍՄԲԱՏ. Անօրինաց։