Էջ:Shirvanzade, Collection works, vol. 7.djvu/11

Այս էջը հաստատված է

հաշիվներով: Մերթ ընդ մերթ մատիտով ինչ-որ նշանակում է թերթերի վրա):

ՎԻՐԳԻՆԵ. Իհարկե, այնքան ազատություն եք տվել, որ երես է առել:


ԵՂԻՍԱԲԵԹ. Է՜է, Վիրգինե, կինն իր ծնողների տանը պիտի կրթված լինի՝ թե չէ պսակվելուց հետո դժվար է նրան փոխել: Արմենուհու հայրն ասում է. «Ես իմ աղջկան ազատ եմ մեծացրել»: Լավ, տեսնենք վերջն ուր պիտի տանի նրան ազատությունը:

ՎԻՐԳԻՆԵ. Նա գիմնազիայումն էլ այդպես էր, դասընկերս է եղել, միշտ ինքնագլուխ, գոռոզ, ինքնահավան: Ես աչքով աչք չունեի նրան տեսնելու: Ինքն էլ գիտեր և ատում էր ինձ: Քանի-քանի անգամ երեսիս ինձ անվանել է չար, նախանձոտ, ինտրիգան: Այժմ էլ նա ինձ արհամարհում է: Օ՛օ, կտեսնեք, նա ձեր գլխին մի փորձանք կբերի:

ԵՂԻՍԱԲԵԹ. (Հաշիվը շփոթելով): Էհ, հաշիվներս խառնեցիր:

ՎԻՐԳԻՆԵ. (Հափշտակված չի լսում իր մոր խոսքերը): Տասն օր է ամուսնուս հետ այստեղ հյուր եմ, մի անգամ էլ հետս կարգին չի նստել ու զրույց արել: Գիտեմ, նա իր մտքումն ինձ արժանի չի համարում: Անկիրթ ենք, իհարկե, նրա նման դաշնամուր նվագել չգիտենք և ոչ էլ պոլկովնիկի աղջիկ ենք: Ա՛հ, քիչ է մնում նախանձից սիրտս տրաքի, երբ մտածում եմ, թե ով է ուտում հորս թողած ու եղբորս վաստակած փողերը: Մայրի՛կ, լավ պահիր նրա կապը, լավ պահիր, թե չէ՝ մի օր կփոշմանես: (Վեր է կենում):

ԵՂԻՍԱԲԵԹ. Լա՛վ, քիչ գրգռիր ինձ նրա դեմ. առանց այդ էլ չեմ սիրում: (Վեր է կենում, համարակալի հատիկները խաոնելով): Ա՛հ չթողեցիր խոհարարի հաշիվները ստուգել: (Տալիս է համարակալն ու թուղթը Վիրգինեին): Տա՛ր իմ սենյակը, ճաշից հետո կվերջացնեմ: Կարծեմ այս ամիս շատ չի գողացել:

ՎԻՐԳԻՆԵ. Ես իմն ասացի, մնացյալը դու գիտես: (Համարակալն ու թուղթն առնելով, գնում է պատշգամբով):):