Էջ:Shirvanzade, Collection works, vol. 7.djvu/111

Այս էջը հաստատված է

ՏԵՍԻԼ 1

ՍՈԻՍԱՆ և ՍՈԻՍԱՄԲԱՐ

Նստած են դեմուդեմ սնդուկների վրա: Սուսանը թոռ է գործում, Սուսամբարը՝ գուլպա։ Բավական երկարատև լռություն: Լուսամուտներից երևում են խտատերև թթենու ճյուղեր, որոնց վրա բազմաթիվ ճնճղուկներ ծլվլում են: Դռնից մերթ ընդ մերթ լսվում են շրջավաճառների երգեցիկ ձայները:

ՍՈԻՍԱՆ.+ (Դարձել է բարձահասակ, վայելչակազմ, գեղեցիկ, տասնութ տարեկան աղջիկ: Հագած է լայն փոխան, դեղնագույն մետաքսյա շապիկ, որի վրան բեհեզյա ջյապկան, գլխին բեհեզյա ճութխի, ճակատի վրա եզրերը ոսկեթել ժապավենով: Ճութխիի վրան սպիտակ թոռ․ խիտ ու երկար մազերը, որ այժմ հինայած են, մի խոշոր հյուսվածքով ընկել են թիկունքի վրա և հասնում են մինչև մեջքը: Լուռ գործում է, մերթ ընդ մերթ, հառաչելով և թախծալի հայացքեր ձգելով դեպի թթենին):

ՍՈՒՍԱՄԲԱՐ. (Սուսանին հասակակից աղջիկ է, ոչ գեղեցիկ, բայց համակրելի զվարթ դեմքով, վառվռուն աչքերով, հագած է սպիտակ կտավյա շապիկ, վրան կանաչագույն արխալուղ, կուրծքը բաց, թևերը տերևաձև, գունավոր լայն փոխան: Գլխին կապած է մետաքսյա ճութխի, առանց որևէ զարդի: Դադարում է գործելը: Հառաչում է): Աղջի, Սուսան։


ՍՈԻՍԱՆ. (Մտազբաղ աշխատում է մեքենաբար):

ՍՈՒՍԱՄԲԱՐ. (Մի քիչ անցած): Սուսան։

ՍՈԻՍԱՆ. (Լուռ է):

ՍՈՒՍԱՄԲԱՐ. (Անհամբեր): Աղջի, Սուսան։

ՍՈԻՍԱՆ. (Սթափվելով իր մտքերից): Հը՞։

ՍՈՒՍԱՄԲԱՐ. Չոռ։

ՍՈԻՍԱՆ. Չոռ էլ, զխկում էլ։

ՍՈՒՍԱՄԲԱՐ. (Մի կողմ դնելով ձեռագործը): Մի՛ն դեն դիր այդ սատանի տոտիկը․ մի քիչ հանգստանանք։ Մատներս փետացան շատ գործելուց։