Էջ:Shirvanzade, Collection works, vol. 7.djvu/112

Այս էջը հաստատված է

ՍՈՒՍԱՆ. (Հառաչում է, դադարելով գործել): Ո՜ւֆ։ (Ձեռներն անզոր դնում է ծնկների վրա):

ՍՈՒՍԱՄԲԱՐ. էլ ի՞նչ ուֆ. հոգիներս դուս եկավ։ Մի քիչ խոսենք, սրտներս բացվին։
ՍՈՒՍԱՆ. է՜հ, խոսքս էլ է պրծել, զրույցս էլ։
ՍՈՒՍԱՄԲԱՐ. Դե, լավ, պառավ կնկա պես մի քացախիր։ Տես, ծտերն ինչպես են ծլվլում։ Արի կուտ ածենք, տեսնենք կգա՞ն ուտելու։ Ունե՞ք։ (Վեր է կենում):
ՍՈՒՍԱՆ. Թախչումը հացի փշրանքներ կլինեն։
ՍՈՒՍԱՄԲԱՐ. (Մոտենում է փոքր խորշերից մեկին, վարագույրը բանալով, վերցնում է հացի փշրանքը և լուսամուտից դուրս թափում քիչ-քիչ): Ծիվ, ծիվ, ծիվ, ծիվ։ Եկան հավաքվեցին։ Օհո՜, ինչ շատ են։ Էլի եկան, դրանք ինձ էլ կուտեն։ Կերեք, կերեք։ Մի՛ կռվեք։ Ամոթ է։ Տես այն պոչը կտրածը ինչ չարն է։
ՍՈՒՍԱՆ. (Նայելով լուսամատից): Երա՜նի ձեզ, որ ազատ, համարձակ, որտեղ որ ուզում եք, այնտեղ եք թռչում։ Այդ ծառերն էլ, այդ սարերն էլ, դաշտերն էլ, արար աշխարհը ձեզ համար է։
ՍՈՒՍԱՄԲԱՐ․ էյ, չար Հուլիանոս, թող ընկերդ էլ ուտի։ Ծիվ, ծիվ, ծիվ, ծիվ․․․ Դե, հերիք է։ (Դադարում է փշրանքներ ածել): Չիստ, չիստ, գնացեք կորեք։
ՍՈՒՍԱՆ. (Մտազբաղ): Թռան, գնացին ուրախ-ուրախ։ Օ՜, հազար երանի ձեզ։ Գցել են մեզ տան, դռներն երեսներիս ծածկել, մարդու կերպարանք չենք տեսնում։
ՍՈՒՍԱՄԲԱՐ. Դու ծտի՞ն ես նախանձում։
ՍՈՒՍԱՆ. (Հառաչելով): Ահ, ի՞նչպես չնախանձեմ։
ՍՈՒՍԱՄԲԱՐ. (Բարձրաձայն ծիծաղելով)։ Հա՛, հա՛, հա՛, ծտին է նախանձում։ Հա,՛ հա՛, հա։՛
ՍՈՒՍԱՆ. Ինչո՞ւ ես ծիծաղում։
ՍՈՒՍԱՄԲԱՐ. Ծիտը թռչկոտում է ծառի վրա, դու թառ ես լինում ծառի տակ, ծառի տակ։ (Ծափ է տալիս ու պարում):
ՍՈՒՍԱՆ. Ի՞նչ ես ուզում ասել։

ՍՈՒՍԱՄԲԱՐ. (Շարունակելով): Կարմիր թթի ծառի տակ,