ՏԵՍԻԼ 3
ՍՈՒՍԱՆ մենակ, հետn ՍԵՅՐԱՆ
ՍՈՒՍԱՆ. (Սկսում է հատակն ավլել, հանդարտ երգելով մի տեղական եղանակ):
ՍԵՅՐԱՆ. (Բավական ժամանակ անցած՝ լուսամուտից ցույց է տալիս իր գլուխը: Քսան տարեկան գեղեցկադեմ, բարձրահասակ երիտասարդ է դարձել: Երեսը մաքուր է, բարակ բեղերով, գլխին կլորաձև և ոչ այնքան բարձր գդակ Բուխարայի մորթուց կարած: Ոտներին եվրոպական կոշիկներ): Սուսան, Սուսան։
ՍՈՒՍԱՆ. (Լսելով իր անունը, ցնցվում է: Տեսնելով Սեյրանին, ավելը ձեռքից բաց է թողնում): Սեյրան։
ՍԵՅՐԱՆ. Նա ինքն է։ (Գլուխն ավելի է բարձրացնում):
ՍՈԻՍԱՆ. Զուր ես եկել, հեռացիր, ախ, շուտ հեռացիր։
ՍԵՅՐԱՆ. Բարձր մի խոսիր, թող ներս մտնեմ։
ՍՈԻՍԱՆ. Ոչ, ոչ, գնա, հեռացիր, չի կարելի։
ՍԵՅՐԱՆ. Շատ լավ կարելի է: (Բարձրանալով լուսամուտ, ներս է ցատկում): Օհ, հազիվ տեսա քեզ։ (Հևալով): Մի շաբա՞թ օր ու գիշեր հսկում եմ—չես երևում։ (Մոտենում է Սուսանին):
ՍՈՒՍԱՆ. (Հեռանում է դեպի ձախ, երկյուղից շնչասպառ): Գնա, ասում եմ, գնա, հայրս կարող է գալ։
ՍԵՅՐԱՆ. Հայրդ չէ, նրա պապն էլ գերեզմանից դուրս գա, չեմ հեռանալ, մինչև որ չասեմ, թե ինչու համար եմ եկել։
ՍՈԻՍԱՆ. (Բոլորովին շփոթված): Ախ, տեր աստված, նա վախ չունե, ամոթ չունե։ Սեյրան աղաչում եմ, ինձ թաղես, գնա։
ՍԵՅՐԱՆ. Ասում եմ, ոտս դուրս չեմ դնիլ, մինչև որ հետդ չխոսեմ։
ՍՈԻՍԱՆ. Դե մնացիր, ես փախա։ (Վազում է դեպի ձախ կողմի դուռը):
ՍԵՅՐԱՆ. Չեմ թողնիլ տեղիցդ շարժվես։ Լսիր Սուսան, լսիր. մեր ծնողները մեզ նշանել են երկրաշարժի օրը, որ ինը