Էջ:Shirvanzade, Collection works, vol. 7.djvu/117

Այս էջը հաստատված է

տարուց հետո պսակեն։ Ինը տարի՜ն լրացել է, մի ամիս էլ անցել, բայց մեր հարսանիքի մասին խոսք չկա մեջտեղ։ Ի՞նչ է պատճառը։


ՍՈՒՍԱՆ. (Միշտ երկյուղով աջ ու ձախ նայելով): Ես քեզ ասել եմ, որ ինքս էլ չգիտեմ։ Գնա, հեռացիր։

ՍԵՅՐԱՆ. Ի՞նչ է ասում հայրդ։

ՍՈՒՍԱՆ. Նա ոչինչ չի ասում, ոչինչ։

ՍԵՅՐԱՆ. Սուտ մի խոսիր, Սուսան։ Էլ ես համբերություն չունեմ այս անորոշ դրության մեջ մնալու։ Կամ այո, կամ ոչ։ Կամ ես պիտի պսակվեմ քեզ հետ, կամ այս սուրը սիրտս պիտի խրեմ։ (Ետ անելով չուխայի փեշը, ցույց է տալիս մեջքին կապած դաշույնը):

ՍՈՒՍԱՆ. Ա՜խ, թող, թող սուրը։ Հայրս հենց այդպիսի բաների համար քեզ չի սիրում։

ՍԵՅՐԱՆ. Չի՞ սիրում։ Ուրեմն, ճշմարի՞տ են ասում, որ նա ինձ համարում է փչացած, կորած մարդ։ Ասա, լսո՞ւմ ես։

ՍՈՒՍԱՆ. Ես հորս հետ չէի կարող խոսել քո մասին։ Նա մորս էլ ոչինչ չի ասում, բայց մի անգամ այն դռան հետևից լսել եմ նրանց խոսակցությունը քո հոր հետ։

ՍԵՅՐԱՆ. (Հետաքրքրված): Ի՞նչ էին խոսում։

ՍՈՒՍԱՆ. Հայրս ասում էր, որ դու ուսումդ կիսատ ես թողել ու դուրս եկել ուսումնարանից։

ՍԵՅՐԱՆ. Կիսատ թողի, որովհետև վարժապետն ինձ ծեծում էր։ Հետո՞։

ՍՈՒՍԱՆ. Ասում էր, որ ուսումնարանից հետո մտար հորդ դուքանը, այնտեղ էլ չմնացիր։

ՍԵՅՐԱՆ. Որովհետև հայրս էլ ծեծում էր ինձ։ Է՞լ ինչ էր ասում։

ՍՈՒՍԱՆ. Ասում էր, որ քեզ աշակերտ տվեցին իրան, արհեստ չսովորեցիր, փախար։

ՍԵՅՐԱՆ. Առաջինը, ես դերձակ չէի ուզում լինել երկրորդ, Սուսան, հորդ մասին մի խոսիր։ Յոթ ամիս աշակերտ եղա նրա մոտ, այնքան ծեծեց ինձ, որ վրաս մնաց մի կաշի և մի ոսկոր։ Նա մարդ չէ, Սուսան, նա ֆարրաշ է խաների ժամանակից մնացած։ Նա ինձ ինչով ասես ծեծում էր—չիբուխով, գազով, մկրատով, մինչև անգամ