Էջ:Shirvanzade, Collection works, vol. 7.djvu/119

Այս էջը հաստատված է

ՍՈՒՍԱՆ. Ախ, թող հանաքներդ։ Ես իմ երեխայությունը հիշելիս արտասվում եմ։ Մի՞տդ է ինչպես էիր բարձրանում մեր և ձեր թթի ծառերի վրա և ինձ համար թութ թափ տալիս։


ՍԵՅՐԱՆ. Ինչպես կարող եմ մոռանալ։ Երեք անգամ քո պատճառով ծառից ընկել եմ, քիթս ու պռունգս ջարդել։

ՍՈՒՍԱՆ. (Ավելի ու ավելի հափշտակվելով անցյալով): Ա՜խ, ես ժամերով նստում եմ լուսամուտի մոտ, մտիկ եմ անում մեր ծառին, ձեր ծառին, հիշում եմ այդ երջանիկ օրը։ Սիրտս մղկտում է, արտասուքը խեղդում է ինձ։ Պատահում է, որ ուզում եմ գնալ գցել ինձ ջրհորի մեջ և խեղդվել։ (Արտասվում է):

ՍԵՅՐԱՆ. Լաց մի լինիր, Սուսան. մի տխրեցնիր ինձ, կարճ ենք տեսնելու միմյանց, մի լաց լինիր։ (Մի ձեռով գրկում է Սուսանին, մյուսով սկսում է շոյել նրա մազերը): Ինչ բարձրացե՜լ ես, ինչ սիրունացե՜լ, մազերդ երկարել են, թանձրացել։ Հինա մի դնիր, Սուսան, հինան թրքուհուն է սազում։ Առանց հինայի մազերիդ գույնը ավելի գեղեցիկ է։

ՍՈՒՍԱՆ. (Աչքերը սրբելով): Մայրս չի թողնում, ասում է հինան գլխացավը ոչնչացնում է։

ՍԵՅՐԱՆ. Դու գլխացա՞վ ունիս։

ՍՈՒՍԱՆ. (Հառաչելով): Ա՜հ, գլխացավ էլ ունիմ, սրտացավ էլ։ (Բոլորովին մոռանալով իրան, բռնում է Սեյրանի ձեռը և տանում դեպի իր կուրծքը): Դիր ձեռքդ կրծքիս, տես ինչպես է թրթռում սիրտս, կասես բռնած ծիտ լինի։ Ահ, ես ուժ չունիմ (գլուխը թեքում է Սեյրանի ուսին):

ՍԵՅՐԱՆ. (Հափշտակվելով): Ահ, հիմա տեսնում եմ, որ դու ինձ սիրում ես, ինչպես ես քեզ, Սուսան, Սուսան։ (Սեղմում է Սուսանի գլուխը իր կրծքին):

ՍՈՒՍԱՆ. Երանի այսպես մեռնեի, որ դու ինձ թաղեիր։

ՍՍՅՐԱՆ. Ոչ, մի՛ ասա, դու չես մեռնիլ, դու իմը պիտի լինիս։ (Հանկարծ ամուր գրկում է և պինդ համբուրում նրան):

ՍՈՒՍԱՆ. (Օձից խայթվածի պես սթափվում է): Վայ, այդ ի՞նչ արիր։ (Ազատվում է Սեյրանի կրծքից): Գնա, շուտ