ՏԵՍԻԼ 7
ՍՄԲԱՏ և ԲԱՐԽՈԻԴԱՐ
ԲԱՐԽՈՒԴԱՐ. (Գալիս է ձախ կողմի դռնով առանց գդակի: Չափազանց գռգռված է): Անառակի ծնունդ, անառակ (Սմբատին տեսնելով): Ադա, գնա այս րոպեիս Հայրապետին կանչիր այստեղ։
ՍՄԲԱՏ. Ի՞նչ է արել, որ էլի ծեծեցիր։
ԲԱՐԽՈՒԴԱՐ. Ծեծե՞լ, ծեծելն ի՞նչ է։ Ես շամփուրները պիտի շիկացնեմ կրակի վրա և մեկ֊մեկ դաղեմ նրա մատները։
ՍՄԲԱՏ. Այդքան էլ խստություն։
ԲԱՐԽՈՒԴԱՐ. Ձայնդ կտրիր, լիրբ. եթե դու նամուսով եղբայր ես, պետք է խանչալդ բազարի մեջ խրես այդ լակոտի փորը, փորոտիքը թափես մարդկանց առաջ։ Նա՛ համարձակվի իմ տունը մտնել, նամուսս ոտնատակ անե՞լ։ Ես ցույց կտամ նրա հորը։ Գնա, կանչիր այդ մարդուն շուտ։
ՍՄԲԱՏ. (Շտապով գնում է խորքի դռնով): (Մյուս սենյակից լսվում է Սուսանի հեծկլտանքը):
ԲԱՐԽՈՒԴԱՐ. (Մոտենում է ձախ կողմի դռանը և դեպի մյուս սենյակը): Քիչ զնգզնգա, շուն, թե չէ՝ էլի կգամ։
ՍՈՒՍԱՆ. (Դադարում է ճչալ):
ԲԱՐԽՈՒԴԱՐ. (Վերցնում է պատի փոքր խորշերի մեկից երկար ու բարակ չիբուխը, դուրս է բերում արխալուղի գրպանից դառը թամբաքուի քսակը, մի տերև թամբաքու դնում ձեռների մեջ, տրորում ու լցնում չիբուխը և մագնիսը կայծակաքարին զարկելով վառում է աբեթը ու չիբուխը ծխում):
ՏԵՍԻԼ 8
ԲԱՐԽՈԻԴԱՐ և ԳՅՈԻԼՆԱԶ
ԳՅՈՒԼՆԱԶ. (Գալիս է ձախ կողմի դռնով, գունատ արտասվելով): Անսիրտ, անհոգի, ո՞րտեղ էր քո աստվածը, ի՞նչ օրի ես գցել երեխայիս։