Էջ:Shirvanzade, Collection works, vol. 7.djvu/129

Այս էջը հաստատված է

ՍԵՅՐԱՆ. Մի վախենար, մայր, քո որդուն սպանողը դեռ չի ծնվել (Բարխուդարին): Ինչ ես ձայնդ գլխիդ գցում։ Ո՞ւմ ես ուզում վախեցնել։ Էլ ես առաջվա երեխան չեմ, էլ քո գոռոցներն ինձ համար երկյուղայի չեն։ Ջնջեցիր, հա, ավետարանի վրա արած ուխտդ։ Այդ է քո ազնիվ խոսքը։ Կրունկիս չարժե նա։ Մտիկ արեք այդ գոռոզին, դեռ երես ունի նամուսի մասին էլ խոսելու։


ՀԱՅՐԱՊԵՏ. (Կատաղի): Սո՛ւս, սո՛ւս, անասուն, թե չէ կատաղում եմ։

ԳՅՈՒԼՆԱԶ. (Գալիս է ձախ կողմի դռնով):

ԲԱՐԽՈԻԴԱՐ. Անե՛ծք քեզ, չար սադայել, աչքերս՛ արյուն է կոխում։

ՍՄԲԱՏ. (Հուզմունքից գոռալով մոտենում է Սեյրանին): Գնա՛, հեռացիր, հետո ես քեզ հետ կխոսեմ։

ՍԵՅՐԱՆ. Դու մի խառնվիր, իմ բանը այդ մարդու հետ է։ Դու էլ ես տանջվում նրա ձեռքին, դու էլ գիտես նա ինչ գազան է։

ԲԱՐԽՈԻԴԱՐ. Շուն, շան զավակ։ (Հարձակվում է Սեյրանի վրա և չիբուխով երկու անգամ զարկում նրան):

ՄԱՐԻԱՄ. Վայ սպանեց։ (Մոտենում է Գյուլնազին և գրկում նրան):

ՍԵՅՐԱՆ. (Ձեռը տանելով դեպի մեջքին կապած դաշույնը)։ Ես քո փորոտիքը դուրս կածեմ, անիրավ։

ՀԱՅՐԱՊԵՏ. (Խելակորույս): Ադա, հերիք է, ադա ամոթ է։ (Բռնում է Սեյրանին երկու ձեռներով: Գդակն ընկնում է):

ՄԱՐԻԱՄ. (Աղերսական): Սեյրան, Սեյրան։

ՍՄԲԱՏ. (Կատաղում է): Դաշույնիդ ձեռ մի տալ, թե չէ ես էլ ունեմ։ (Ձեռը տանում է դեպի իր չուխայի տակ թաքցըրած դաշույնը):

ԳՅՈՒԼՆԱԶ. (Բռնում է Սմբատի ձեռները հետևից) Ես քեզ չեմ թողնիլ խառնվելու, չեմ թողնիլ: Ինչ ուզում են—թող անեն։

ՍԵՅՐԱՆ. (Ազատվելով Հայրապետի ձեռներից): Երկինքը վկա այդ չիբուխը գլխիդ կփշրեի, եթե Սուսանը չլիներ։ Բայց այդ հարվածը ես չեմ տանիլ, եթե Սուսանին խլես ինձանից։

ՇԻՐՎԱՆԶԱԴԵ, Երկերի ժողովածու