ԲԱՐԽՈՒԴԱՐ. Ես կտոր֊կտոր կանեմ նրան, շներին կգցեմ, քեզ չեմ տալ։
ՍԵՅՐԱՆ. Այդ կտեսնենք։
ՍՈՒՍԱՆ. (Ներսից տառապանքով), Մամա, մամա։
ԳՅՈՒԼՆԱԶ. Գալիս եմ, անբախտ, գալիս եմ։ (Շտապով գնում է ձախ):
ՍԵՅՐԱՆ. Դա նրա ձայնն է, ով գիտե մեռնում է: Ես ուզում եմ նրան տեսնել։ (Դիմում է դեպի ձախ դուռը):
ԲԱՐԽՈՒԴԱ. (Կանգնում է ձախ դռան առաջ պաշտպանողական դիրքում): Քո գերեզմանը կտեսնես, նրան չես տեսնիլ
ՍԵՅՐԱՆ. (Դաշույնը մերկացնելու): Դե, կեր. գազան։
ՍՄԲԱՏ. (Արագ մերկացնում է դաշույնը և Սեյրանի դեմ կանգնում): Կանգ առ։ Ես քո կողմն եմ, բայց չեմ թողնիլ հորս սպանես։
ՄԱՐԻԱՄ. (Գլուխն արագ բաց անելով, չոքում է երկուսի մեջտեղ, մազերը տարածում նրանց ոտների առաջ): Ներկեցեք կարմիր արյունով ճերմակ մազերս։
ՍԵՅՐԱՆ. (Սարսափով ետ է կանգնում): Մայր։ (Դաշույնը դնում է պատյանի մեջ):
ՍՄԲԱՏ. (Սարսափած): Մարիամ բաջի։ (Լռություն): Վեր կաց։ (Դաշույնը դնում է պատյանի մեջ):
ՀԱՅՐԱՊԵՏ. (Այնքան շփոթվել է, որ չգիտե ինչ անե: Ձեռները աջ ու ձախ տարածելով, մերթ սրան է դիմում, մերթ նրան):
ԲԱՐԽՈՒԴԱՐ. (Լռություն: Արձանի պես կանգնած է ձախ դռան առաջ):
ՄԱՐԻԱՄ. (Վեր է կենում մազերը ժողովելով: Շնչասպառ է, դողում է, անորոշ հնչյուններ է արձակում):
ԲԱՐԽՈԻԴԱՐ. (Հայրապետին ու Մարիամին): Տեսա՞ք այդ բոլորը. կշտացա՞ք։ Դե բարի ճանապարհ։ Իմ տան դռները այսուհետև ձեզ համար չեն բացվիլ: (Մի քանի քայլ առաջ է գալիս):
ՍՄԲԱՏ. Հայր, ես քեզ պաշտպանեցի, բայց քո արարմունքը պաշտպանել չեմ կարող։ Սուսանը Սեյրանի հարսնացուն է, նրա հետ էլ պիտի պսակվի։