Էջ:Shirvanzade, Collection works, vol. 7.djvu/14

Այս էջը հաստատված է

ԿՈՍՏԱՆԴԻՆ. (Հանգիստ): Իմ աղջկան ոչ ոք չի համարձակվիլ մի խոսք անգամ ասել:


ԵՂԻՍԱԲԵԹ․ (Հեգնաբար): Այո՛, կվախենան, կասեն հայրը գնդապետ է, մայրը իշխանական ցեղից:

ԿՈՍՏԱՆԴԻՆ. (Հեգնությամբ ): Տիկի՜ն, դուք շատ եք սիրում Արմենուհու ծնողների տիտղոսները հիշել, այդ ի՜նչ է նշանակում: Չլինի, թե մեզ արժանի չեք համարում Տերդ բուրժուական գերազանցությանը:

ԵՂԻՍԱԲԵԹ. Ահա այդպես եք խոսում միշտ, որ ձեր աղջիկը կարծում է, թե ոչ մի պակասություն չունի:

ԿՈՍՏԱՆԴԻՆ. Կկամենայի իմանալ, ինչ պակասություն եք տեսել Արմենուհու մեջ:

ԵՂԻՍԱԲԵԹ. Նա չգիտե իրանից մեծերին հարգել:

ԿՈՍՏԱՆԴԻՆ. Մեծերին հարգելն իմ աղջիկն օրորոցից է սովորել, եթե, իհարկե, մեծերն էլ գիտեն նրան հարգել: Հետո՞:

ԵՂԻՍԱԲԵԹ. Գոռոզ է:

ԿՈՍՏԱՆԴԻՆ. Ո՛չ, խնամի, հպարտ է գոռոզների վերաբերմամբ: Շարունակեցե՛ք:

ԵՂԻՍԱԲԵԹ. Ինքնահավան է:

ԿՈՍՏԱՆԴԻՆ. Դեռ երեկ ձեր փեսան, Ստեփանը, պախարկում էր նրա անսահման համեստությունը:

ԵՂԻՍԱԲԵԹ. Տնտեսությամբ չի հետաքրքրվում:

ԿՈՍՏԱՆԴԻՆ. Ալադյանի կինը կարիք չունի խոհանոց մտնելու: ՈՒրի՞շ:

ԵՂԻՍԱԲԵԹ. Նա ինձ չի հնազանդվում: Իմ ազգականներին չի սիրում:

ԿՈՍՏԱՆԴԻՆ. Սկեսուրների իշխանության դարն անցել է: Գալով ձեր ազգականներին, մեր մեջ ասած, մի սիրելու պտուղներ չեն: (Վեր է կենում): Է՛հ, տիկին, դուք չգիտեք վարվել ձեր հարսի հետ: Ես տասն անգամ ասել եմ, թե Արմենուհին այն կանանցից չէ, որոնց ընկճում են խստության և սպառնալիքների միջոցով: Նա ունի քնքուշ սիրտ, բայց ամուր կամք, ինչպես իր հանգուցյալ մայրն էր: Նրան միայն սիրով և փաղաքշանքով կարելի է