Այս լավ իմացեք: (Մի երկու քայլ է գնում դեպի բեմի խորքը):
ԵՂԻՍԱԲԵԹ. (Արհամարհանքով): Իհարկե, ոսկու և արծաթի մեջ է մեծացել:
ԿՈՍՏԱՆԴԻՆ. (Կանգ առնելով): Տիկին, քիչ գոռոզացեք ձեր ոսկի և արծաթով: Եթե իմ աղջիկը համաձայնեց այս տունը մտնել, չկարծեք, թե ձեր հարստությամբ հափշտակվեց: Արմենուհին ձեր ասած կանանցից չէ: Ոչ, ո՛չ, ո՛չ:
ՏԵՍԻԼ 6
ՆՈՒՅՆՔ և ՄԵԼԱՆԻԱ
ՄԵԼԱՆԻԱ. (Գալիս է ձախ կողմից): Տիկին, ես նրան ոչ մի տեղ չգտա:
ԵՂԻՍԱԲԵԹ. (Կատաղելով): Ա՛յ, տեսնո՞ւմ եք. տանը հյուրեր, իսկ տանտիկնոջը փնտրում են սարերում, ձորերում ու չեն գտնում: Մի օր նա իր գլուխը կջարդի, կտեսնեք: (Գնում է պատշգամբով):
ՏԵՍԻԼ 7
ԿՈՍՏԱՆԴԻՆ ԵՎ ՄԵԼԱՆԻԱ
ՄԵԼԱՆԻԱ. (Նայելով Եղիսաբեթի հետևից երկյուղով: Ցածր ձայնով): Ես տեսա երիտասարդ տիկնոջը: Գետակի ափում նստած, քարեր էր գցում ջրի մեջ:
ԿՈՍՏԱՆԴԻՆ. Հապա ինչո՞ւ ասացիք այդ պառավին, թե չգտաք:
ՄԵԼԱՆԻԱ. Երիտասարդ տիկինն այդպես պատվիրեց: Նա բարկացավ, երբ ասացի, թե սկեսուրն է ինձ ուղարկել իրան տուն կանչելու: Ահա գալիս է ինքը:
ՏԵՍԻԼ 8
ՆՈՒՅՆՔ և ԱՐՄԵՆՈՒՀԻ
ԱՐՄԵՆՈՒՀԻ. (Գալիս է ձախ կողմից: Սիրուն, համակրելի, համարձակ դեմքով, գեղեցիկ կազմվածքով կին է, բաց շագանակագույն թանձր մազերով: Հագած է թեթև