Էջ:Shirvanzade, Collection works, vol. 7.djvu/150

Այս էջը հաստատված է

Ա. ՀՅՈՒՐ. Ես քեզ ասում եմ բանը պրծած է, դու էլ ասա. «հա պրծած է»։

Բ․ ՀՅՈՒՐ. Եթե այդպես լիներ, աղջկան կտային Սեյրանին։
Ա․ ՀՅՈՒՐ. (Ծիծաղում է): Հը՛ , հը՛, հը՛ , հիմար ես, հիմար։ Եթե Սեյրանին տային, ամենքը պիտի ասեին «կոտրած ամանը կոտրողի վզին կապեցին»։
Բ. ՀՅՈՒՐ. Իսկ հիմա խայտառակությունը պարտակել են, այ քեզ տանձի կոթ։
Գ. ՀՅՈՒՐ․ Իմ կարճ խելքով այդ բոլորը սուտ է, զուր բամբասանք։
Ա. ՀՅՈՒՐ․ Գլուխդ դատարկ է, այ ինչ կասեմ քեզ։ Երեք օրից հետո, կտեսնես Ռուստամի սիրու-սիֆաթը։
ՌՈՒՍՏԱՄ․ (Ցնցվում է և դողում հուզմունքից): Տեր, մեղա քեզ աստված։
Գ. ՀՅՈՒՐ․ (Նկատել է Ռուստամին, ընկերներին կամացուկ)։ Սուս, նա այստեղ է։ (Բարձր): Գնանք։
Բ․ ՀՅՈՒՐ․ (Սեղաններին նայելով): Գինի չբերեցի՞ն։
ՌՈՒՍՏԱՄ․ (Առաջ է գալիս): Համեցեք։ Նստեցեք, ես կբերեմ գինի։ (Ձայնը դողում է հուզմունքից):
Ա․ ՀՅՈՒՐ․ Չէ, առանց երաժիշտների համ չունի։ Աստված շնորհավոր անի։ Հարիֆ ես, Ռուստամ աղա, հարիֆ։ Բարի գիշեր։ (Գնում է խորքի դռներով):
Գ. և Բ․ ՀՅՈՒՐԵՐ. Բարի գիշեր (Գնում են խորքի դռներով):

ՏԵՍԻԼ 7


ՌՈՒՍՏԱՄ և ՍԱՆԱՄ


ՌՈՒՍՏԱՄ. (Ուշացած հյուրերին ուղեկցելով մինչև խորքի դռները, ետ է գալիս շփոթված, այլայլված: Ձեռը հենում է սեղանին, մի քանի վայրկյան մտածում, ապա արագ քայլերով մոտենում է աջ կողքի դռան և դեպի մյուս սենյակ): Մայրիկ։
ՍԱՆԱՄ. (Բեմի հետևից): Այստեղ եմ։ (Ուրախ դեմքով գալիս է աջ կողմի դռներով): Ի՜նչ հարս է, ինչ հարս։ Մարալ է։ Մարալ։ Ի՞նչ ես ուզում, բոյիդ մատաղ է։