ՌՈՒՍՏԱՄ. Ո՞ւմ ես բերել իմ տունը։
ՍԱՆԱՄ. (Չհասկանալով Ռուստամի տրամադրությունը, ուրախ): Հարս եմ բերել, մատաղ լինիմ, հարս։ Ահ, վերջապես, աստված լսեց աղոթքներս և իղձս կատարեց։ Հիմա ես բախտավոր եմ։
ՌՈՒՍՏԱՄ. (Ձայնը բարձրացնելով)։ Ես քեզ հարցնում եմ, ո՞ւմ ես բերել իմ տունը։
ՍԱՆԱՄ. (Շփոթվելով): Այսինքն, ինչպե՞ս թե ում։
ՌՈՒՍՏԱՄ. (Ավելի խիստ եղանակով): Ո՞վ է մտել իմ առաստաղի տակ ասա՛։
ՍԱՆԱՄ. Ղոնդաղսազանց Բարխուդարի աղջիկը։ Պարկեշտ, խոնարհ, պատվով, նամուսով, Գյուլնազի մինիկ աղջիկը։
ՌՈՒՍՏԱՄ․ Դու լա՞վ ես ճանաչում այդ աղջկան։
ՍԱՆԱՄ. Եթե ծառը պտուղից է ճանաչվում, պտուղն էլ ծառից է ճանաչվում։
ՌՈՒՍՏԱՄ. (Տանջանքով): Փտած է, մայր, փտած է այդ պտուղը։
ՍԱՆԱՄ. (Երկյուցիղ մի քայլ ետ կանգնելով): Ի՞նչ ես ասում, որդի՛, լավ կշռիր խոսքերդ։
ՌՈՒՍՏԱՄ․ Այս րոպեին այստեղ երեք հոգի խոսում էին նրա մասին։ Ես մի քանի խոսքեր լսեցի, ասեղների պես ցցվեցին սրտիս մեջ։ Մայր, դու ինձ խաբել ես։
ՍԱՆԱՄ․ Սուս, սուս արա։ Ես քեզ համար հարս եմ բերել, որ ձյունի պես ճերմակ է, արևի պես պայծառ։
ՌՈՒՍՏԱՄ․ Բայց նրա մասին էին խոսում, մայր, ականջովս լսեցի։
ՍԱՆԱՄ. Ի՞նչ էին ասում։
ՌՈԻՍՏԱՄ. Չեմ կարող ասել, լեզուս չի զորում․ բայց լավ բան չէին ասում, մայր, լավ չէին ասում։
ՍԱՆԱՄ. Թող ինչ ուզում են դուրս տան, մե՞զ ինչ։ Չար լեզուները ո՞ւմ չեն բամբասում։
ՌՈՒՍՏԱՄ. (Տանջանքով): Բայց ես ո՞ւմ հավատամ, ասա, ո՞ւմ։
ՍԱՆԱՄ. Քո մորը։
ՌՈՒՍՏԱՄ. Դու խելոք կին ես, մայր, այդ գիտեմ, բայց դյուրահավան ես, քեզ խաբելը դժվար չէ։