կարող լինել, այն էլ մինիկ զավակի։
ՌՈՒՍՏԱՄ. Ո՛չ, ո՛չ, համբերել չեմ կարող։ Ես պետք է հենց այս գիշեր իմանամ ամեն բան։ (Ուզում է գնալ աջ դռներով):
ՍԱՆԱՄ. Ո՞րտեղ ես գնում։
ՌՈՒՍՏԱՄ. Գնում եմ նրա հետ խոսելու։
ՍԱՆԱՄ. (Դրական, խիստ): Չի կարելի։
ՌՈՒՍՏԱՄ. Ինչո՞ւ։ (Ուզում է գնալ):
ՍԱՆԱՄ. (Անցնում է արագ և կանգնում աջ դուռն առջև պաշտպանողական դիրքում): Չի կարելի, ասում եմ, նա դեռ պատրաստ չէ քեզ հետ խոսելու։
ՌՈՒՍՏԱՄ. Մայր, այժմ ես նրա ամուսինն եմ օրենքով։
ՍԱՆԱՄ. Ոչ, դու դեռ նրա ամուսինը չես։ Անկարելի է։ Դու նրան կտեսնես հարսանիքիդ երրորդ գիշերը։ Դա մեր պապերի և տատերի ավանդությունն է։ Ես քեզ չեմ թողնիլ նրան ոտնատակ անել։
ՌՈՒՍՏԱՄ. (Հուսահատված): Անիծվեն ձեր օրենքները, անիծվեն ձեր ավանդությունները։ Երեք օր պետք է սպասեմ, մինչև որ նրանից լսեմ ճշմարտությունը։ Ես կխելագարվեմ։
ՍԱՆԱՄ. (Հանդարտ մոտենում է Ռուստամին, մի քանի վայրկյան լուռ նայելուց հետո, ձեռը դնում է նրա ուսին): Տեսնո՞ւմ ես այս ճերմակ մազերը, որդի։ (Ճութխիի տակից դուրս է բերում ալեխառը գիսակը): Նրանք քեզ համար են ճերմակել։ Աչքս ճանապարհիդ ջուր է կտրել, եկեղեցիների շեմքերն եմ մաշել, սրբերի գերեզմաններին եմ քսել ճակատս։ Աղերսել եմ երկնավորին այսօրվա օրին արժանանալու, վերջապես արժանացել եմ։ Ի՞նչ ես ուզում հիմա, սևացնե՞լ օրս։ Մի արա, որդի, մի արա, խեղճ եմ։ (Մինթանայի գրպանից դուրս է բերում թաշկինակը և աչքերը սրբում, Ռուստամից հեռանալով):
ՌՈՒՍՏԱՄ. (Արմունկը սեղանին հենած, ճակատը ձեռին դրած լռել է, մտազբաղ: Քիչ լռություն: Զղջում է յուր կոպտության մասին): Ներիր մայր, ես մի փոքր չափն անցա։ Ով գիտե, կարելի է այն մարդկանց խոսակցությունը սխալ հասկացա, կարելի է ուրիշի մասին էին խոսում։ Օ՜,