Էջ:Shirvanzade, Collection works, vol. 7.djvu/159

Այս էջը հաստատված է

գցելու համար։ էհ, տերը նրանց հետ, հարբած էին, իրենք էլ չգիտեին ինչ էին խոսում։ Այժմ ես հավատում եմ իմ կնոջը։ Հավատում եմ ինչպես մի սրբի և սիրում։ Այժմ ինձ ոչ ոք և ոչինչ չի կարող խաբել։ Այ տղա, Համբարձում, էլի չայ բեր։ (Ծխում է ծխախոտ երկայն եղեգնյա մուդշտուկով):

ՋԱՎԱԴ. Ես էլ չեմ ուզում։
ՌՈՒՍՏԱՄ. (Նայելով իր գրպանի ժամացույցին): Ինչո՞ւ են ուշանում մեր հայրենակիցները։ Ես քաղցած եմ։ Ձուկը դիր կրակի վրա, Համբարձում։
ՀԱՄԲԱՐՁՈՒՄ. էս սհաթին։ (Ձուկ անցկացրած շամփուրները վերցնում է և գնում ձախ կողմի դռներով):

ՏԵՍԻԼ 2


ՆՈԻՅՆՔ և ՄԱՐՏԻՐՈՍ


ՄԱՐՏԻՐՈՍ․ (Գալիս է խորքի դռնով: Նիհար, փոքրահասակ մարդ է, անորոշ տարիքով: Վրեն այնքան հագուստ կա, որ երեք անգամ ավելի հաստ է երևում: Ներս մտնելով, դուռը խնամքով ծածկում է, ապա յափնջին վերցնում, ձյունը թափ է տալիս և հանդարտ քարշ է անում միջնորմի վրա): Բարով ձեզ։
ՌՈՒՍՏԱՄ. (Լսելով դռան ձայնը, առաջ է եկել Մարտիրոսին ընդունելու): Աստծու բարին։
ՄԱՐՏԻՐՈՍ. Դրսում մի արհավիրք է սկսվել, որ գազանը գազանությունով տնից դուրս չի գալ։ (Հանում է հաստ մաշկյա ձեռնոցները, ապա խիստ մաշված լայն վերարկուն, այնուհետև մի լայն չուխա, հետո բաշլղը): Ձյունը կարկտի պես է զարկում մարդու երեսին։ Մարմինս փետացել է։ (Սկսում է բաց անել վզին փաթաթված երկայն կարմիր շարֆը): Ասացի գնամ աղա Ռուստամի մոտ վայ է, չգնամ վայ է։ Եթե գնամ, կարող եմ մրսել, առանց այն էլ զյուքամ ունիմ: (Երեք անգամ հազում է)։ Իսկ եթե չգնամ, աղա Ռուստամը կարող է նեղանալ։ (Բաց