Էջ:Shirvanzade, Collection works, vol. 7.djvu/162

Այս էջը հաստատված է

ՋԱՀԱՆԳԻՐ. Օհո՜, եղբայր Մարտիրոս, դու էլ այստե՞ղ ես։ Ի՞նչ է ասում Եհովան։ (Ձեռով զարնում է Մարտիրոսի ուսին):

ՄԱՐՏԻՐՈՍ. Կամաց, չայս թափեցիր։
ՌՈՒՍՏԱՄ. էլ ոչ ոքի չեմ սպասում, դուռը կարելի է կողպել։ (Փակում է խորքի դուռը և նիգը գցում):
ԵԳՈՌ. Եթե այս երեկո էլ գինի չխմես, եղբայր Մարտիրոս, գլխիդ եմ ածելու։
ՄԱՐՏԻՐՈՍ․ Սատանայի ջուրը իմ փորը չի մտնիլ։
ՋԱՀԱՆԳԻՐ․ Բայց ինչու գարեջուրը խմում ես, անիրավ։
ՄԱՐՏԻՐՈՍ․ Գարեջուրը գինի չէ։ Սարգիս վարպետն ասում է, որ մեր հավատացյալ եղբայրները Բազելում գարեջուր են խմում (Նայելով փակ լուսամատին): Կարծեմ այդտեղից քամի է փչում. ականջս պաղեց (Տեղը փոխում է):
ՌՈՒՍՏԱՄ. (Աջ կողմից բերում է մի կապույտ սփռոց և գցում սեղանի վրա): Համբարձում, փլավը դամի դրե՞լ ես։
ՀԱՄԲԱՐՁՈՒՄ. (Այդ միջոցին գալիս է ձախ դռնով): Դրել եմ։
ՌՈՒՍՏԱՄ. Խորովածը բեր, եթե պատրաստ է։
ՀԱՄԲԱՐՁՈՒՄ. Աչքիս վրա։ (Դնում է աջ կողմ, զանազան ուտելեղեններ է բերում, դնում է սեղանի վրա: Բերում է նաև երկու կուլա գինի և մի քանի կավե գավաթներ, հետո դնում է ձախ կողմի դռնով):
ՄԱՐՏԻՐՈՍ․ (Համբարձումի հետևից): Տես խորովածը հում չլինի, կարող է վնասել։
ՌՈՒՍՏԱՄ. (Մարտիրսի առջև դնելով մի շիշ գարեջուր և մի բաժակ): Այս էլ քո Բազելի հավատացյալ եղբայրների խմիչքը, գարեջուր։ (Ամենքը նստում են սեղանի շուրջը):
ԵԳՈՌ. (Մի բաժակ օղի խմելով): Ափսոս, որ սազանդարները չկան։
ՌՈՒՍՏԱՄ. Համբարձումին ուղարկեցի, չկարողացավ գտնել։
ՄԱՐՏԻՐՈՍ. Սազանդարն սատանան է հնարել, որ մեզ շեղի աստծու ճանապարհից։ Հիսուսի աշակերտները սազանդար չունեին։
ՋԱՀԱՆԳԻՐ. Եթե Հիսուսի անունը շատ ես տալու, ես վեր կենամ, կորչեմ։ (Օղի է խմում):
ՄԱՐՏԻՐՈՍ․ (Աչքերը նեղությամբ ուղղելով դեպի վեր,