Էջ:Shirvanzade, Collection works, vol. 7.djvu/164

Այս էջը հաստատված է

ՋԱՀԱՆԳԻՐ. Եղբայր Մարտիրոս, չլինի թե քեզ այս կողմերի համար փաստոր են նշանակել։

ԵԳՈՌ. Երևի։ Գլուխս տարել է յուր քարոզներով։ Շարունակ հորդորում է ինձ ավետարանական դառնալ։
ՄԱՐՏԻՐՈՍ. Մեր պարտականություն է ի տվնջյան և ի գիշերի աշխատել մոլորյալ ոչխարներին ճանապարհի բերելու։ (Գարեջուր է խմում):
ՋԱՎԱԴ. (Նորից լեցնելով յուր գավաթը): Տղերք, խմենք մեր դարդիմանդ ընկերոջ կենացը։ Ռուստամ, ապրես և լավ ապրես։ (ԲաԺակը զարկելով Ռուստամի բաժակին, խմում է):
ԱՄԵՆՔԸ. Ամեն, ամեն։ (Անում են նույնը):
ՄԱՐՏԻՐՈՍ․ Աբրահամի և Իսահակի Եհովան քեզ պահի, պահպանի մեղքերից։
ՌՈՒՍՏԱՄ. Շնորհակալ եմ, բարեկամներս։ Շատ ուրախ եմ, որ հրավերս ընդունեցիք, եկաք։ Կարոտել էի։ Օտար երկրում մարդու հոգին փառավորվում է յուր հայրենակիցներին տեսնելիս։ Ձեր կենացը։
ԵԳՈՌ. Տղերք, այսօր ես բազարում մի նոր շամախեցի տեսա։
ՋԱՀԱՆԳԻՐ․ Ո՞վ էր։
ԵԳՈՌ. Չճանաչեցի։ Մեր հարևան Լեզգի Օսմանից ատրճանակ էր գնում։ Ջահել տղա էր, բարձրահասակ, բարակ բեղերով, դեղնած երեսով։
ԴՐՍԻՑ. (Երկու անգամ զարկում են փողոցի կողմի դուռը):
ՀԱՄԲԱՐՁՈՒՄ. (Գալիս է ձախ կողմի դռնից, բերելով երկու շամփուր խորոված ձուկ):
ՋԱՎԱԴ. Կարծես դուռը ծեծեցին։
ՌՈՒՍՏԱՄ. (Շամփուրներն առնելով Համբարձումից): Տես ով է։
ԵԳՈՌ. Ո՞վ պիտի լինի այս սարսափելի եղանակին։
ԴՐՍԻՑ. (Նորից երկու անգամ զարկում են դուռը):
ՋԱՀԱՆԳԻՐ. Համբարձում, առաջ հարցրու, հետո ներս թող։
ԵԳՈՌ. (Ծիծաղելով): Ջահանգիրն էլի ցույց տվեց իր քաջությունը։
ՋԱՀԱՆԳԻՐ. Անցյալ տարի մի այսպիսի գիշեր լեզգիները