Էջ:Shirvanzade, Collection works, vol. 7.djvu/175

Այս էջը հաստատված է

պահելով նրան): Ես չեմ թողնիլ քեզ այդ շան հետ մի յափնջու վրա կանգնել։ Դա անպատվություն կլինի։


ՄԱՐՏԻՐՈՍ. (ձեռներն իրար կցելով): Եհովա, Եհովա, Աբրահամի և Իսահակի աստված։

ԵԳՈՌ. Ե՛ս կկռվեմ նրա հետ յափնջու վրա։ (Ուզում է մեջտեղ մտնել, դաշույնը մերկացնելով):

ՌՈՒՍՏԱՄ. (Ճիգ անելով ազատվել Ջավադի և Ջահանգիրի ձեռներից): Ոչ ոք, ոչ ոք, բացի ինձնից։ Նա իմ ձեռքով պիտի պատժվի, միմիայն ի՛մ ձեռքով։ (Կրծոտում է իրան բռնող ձեռները): Ա՜, թողեք, ասում եմ. ես կխելագարվեմ։

ՍԵՅՐԱն. (Կատաղի ծիծաղով): Հա՛, հա՛, հա՛, ինչպե՜ս է կապտել (Դաշույնը դնում է պատյանի մեջ): Կատաղիր, փրփրիր, այրվիր։ Քո կնիկն առաջ իմն է եղել։

ՌՈԻՍՏԱՄ. (Շնչասպառ): Ապացույց, ապացույց եմ ուզում։

ՍԵՅՐԱՆ. (Կծու ծիծաղով): Հա՛, հա՛, հա՛, ապացույց։ Գնա, բաց արա կնոջդ կուրծքը և տես խալը, սև խալը նրա աջ ծծի տակ։ (Յափնջին արագ վերցնում է և դուրս վազում խորքի դռնով: Քամին վզզալով ձյունի կույտեր է թափում ներս: Ամենքը սարսափի մեջ են: Լռություն):

ԵԳՈՌ. Նա դուրս եկավ քո հարկի տակից, այժմ ես կարող եմ նրան սպանել։ (Յափնջին վերցնելով, վազում է փողոց):

ՀԱՄԲԱՐՁՈԻՄ. (Ամբողջ տեսարանի միջոցին կուչ եկած կանգնած է մի անկյունում: Շտապով ծածկում է խորքի դուռը):


ՏԵՍԻԼ 5

ՆՈԻՅՆՔ, առանց ՍԵՅՐԱՆԻ և ԵԳՈՌԻ

ՌՈԻՍՏԱՄ. Ինչ ասաց նա՞։ Խա՞լը, սև խալը կրծքի վրա՞։ Ահ, ճաքեց սիրտս, կտոր֊կտոր եղավ։ Դե, թողեք, դե բավական է, անիրավներ, բավական է (Ազատվում է Ջավադի և Ջահանգիրի ձեռներից): Խալը, սև խալը։ (Թուլացած նստում է աթոռի վրա, դաշույնը ընկնում է ձեռից):