Էջ:Shirvanzade, Collection works, vol. 7.djvu/176

Այս էջը հաստատված է

ՋԱՎԱԴ. Ջուր տվեք, ուշքը գնում է։


ՀԱՄԲԱՐՁՈՒՄ. (Շտապով ջուր է մատուցանում):

ՌՈՒՍՏԱՄ. Ոչ, ուշքս վրես է։ Գնդակներ են պտտում մարմնիս մեջ։ (Ջուրը մերժելով): Ոչ, ոչ, ես կնիկ չեմ, որ ուշաթափվիմ։ Մի վախենաք, չեմ մեռնիլ: Խալը, սև խալը։ Համբարձո՜ւմ։

ՀԱՄԲԱՐՁՈՒՄ. Այստեղ եմ, աղա։

ՌՈՒՍՏԱՄ. Գնա, ձիս թամքիր։

ՋԱՎԱԴ. Խելքի եկ, Ռուստամ, շունն անգամ չի հավատալ, այդ լրբի խոսքերին։

ՋԱՎԱԴ. Եգոռը կսպանի նրան։

ՄԱՐՏԻՐՈՍ. Եհովան կպատժի նրան։

ՌՈՒՍՏԱՄ. Իսկույն, իսկույն թամքիր ձիս, առանց մի րոպե ուշացնելու:

ՀԱՄԲԱՐՁՈՒՄ. Բուքը սաստկացել է, քամին ծառեր է պոկում արմատից։

ՌՈՒՍՏԱՄ. (Կատաղի): Լռիր, շուն, ձիս ասում եմ։ (Վեր է կենում):

ՀԱՄԲԱՐՁՈՒՄ. (Շտապով գնում է ձախ կողմի դռնով):

ՋԱՎԱԴ. Բայց ի՞նչ ես ուզում անել։

ՌՈՒՍՏԱՄ. Լավ խաբեցին, լավ քանդեցին տունս, լավ կեղտոտեցին երեսուն ու երկու տարվա պատիվս։ Ռուստամը մի լպստած պատառ ուտո՞ղ։ Ռուստամը մի անառակ կնոջ մա՞րդ։ Ո՞վ խլեց իմ գդակը գլխիցս։ Մայր, մայր, ես այդ աղջկան չէի ճանաչում, ոչ էլ նրա ծնողներին։ Ես ոչ ոքի չէի ճանաչում այն անիծված քաղաքում։ Թամքիր ձիս, Համբարձում, թամքիր, գլուխս ուսերիս վրա չի կանգնում, բայց ես կպահեմ նրան։ Կպահեմ, մինչև որ տեսնեմ այդ խալը։ Ինչ հիմարն եմ ես։ Ինչո՞ւ երբեք չեմ նայել նրա կրծքին։ Լավ, շատ լավ, հիմա կտեսնենք, կստուգենք։ Թամքիր Համբարձում, թամքիր նժույգս։ Նա ինձ հինգ օրում կտանի, տեղ կհասցնի։

ՄԱՐՏԻՐՈՍ. Ամենակարող աստված, այս եղանակի՞ն։

ՋԱՎԱԴ. Ամոթ է, Ռուստամ, խելքի եկ, կինդ անմեղ է։

ՋԱՀԱՆԳԻՐ. Իհարկե, անմեղ է։

ՌՈՒՍՏԱՄ. Լռեցեք. դուք ինձ չթողիք, որ ես ժամանակին