Էջ:Shirvanzade, Collection works, vol. 7.djvu/177

Այս էջը հաստատված է

նրա լեզուն կտրեմ, այժմ ուշ է։ Ի՞նչ, անմե՞ղ է։ (Դառը ծիծաղ): Հա՛, հա՛, հա՛, ո՞վ կարող է հաստատել: Յոթ սարերի հետևում, մի պառավ կնոջ ձեռին, մենմենակ։ Խաբեցին ինձ, Ջավադ, շատ անաստված խաբեցին։ Կրծքի խալը, սև խալը: Ա՛հ, ինչու ես թռչուն չեմ, որ այս գիշեր հասնեմ այնտեղ։ Բայց ոչինչ, իմ ձին լավն է:

ՋԱՀԱՆԳԻՐ. Այս ուշ գիշերի՞ն, այդ զարհուրելի եղանակի՛ն։


ՄԱՐՏԻՐՈՍ. Քամին մռնչում է գայլի պես։ Դու Դաղստանի ձորերում կթաղվես ձյունի տակ։

ՌՈՒՍՏԱՄ. Ինձ համար այսուհետև ո՛չ քամի կա, ոչ ձյուն, ո՛չ աստված։

ՄԱՐՏԻՐՈՍ. (Սարսափած Ռուստամի վերջին խոսքերից): Հիսուս, Հիսուս, ի՞նչ ասաց նա։

ՌՈՒՍՏԱՄ. Ամեն ինչ խավարվեց աչքումս։ Ես աննամո՞ւս, իմ երեխան ուրիշի՞նը։ Անիծվիս դու, Համբարձում, ինչո՞ւ ուշացար։ Հա, պետք է հագնվել։ (Վերցնում է ձախ կողմի անկյունում դրած երկար կոշիկները, հագնվում է, մեջքին դաշյունը, հագնում է վերարկուն, ուսերին գցում յափնջին և գլխին դնում սպիտակ շուլահին):

ՋԱՎԱԴ. Գոնե սպասիր մինչև առավոտ, թող լույսը բացվի:

ՌՈՒՍՏԱՄ. Լույսը չի բացվելու, Ջավադ, արեգակը խավարեց։ Լսեցեք, բարեկամներս, խանութս հանձնում եմ ձեզ։ Ով գիտե ինչ կարող է պատահել։ Եթե ես չգամ, ծախոտեցեք ամեն բան, գոյացած գումարը մորս ուղարկեցեք։

ՀԱՄԲԱՐՁՈՒՄ. (Գալիս է ձախ կողմի դռնով): Ձի՛ն պատրաստ է։

ՌՈՒՍՏԱՄ. Դե՛հ, մնացեք բարով, տղերք։ Ինչ արած, աստված կամեցավ, որ մեր ազիզ երեկոն այսպես վերջանա։ Մնաք բարով։

ՋԱՎԱԴ. Գոնե համբուրվենք (Համբուրվում են): Բարի ճանապարհ։ (Հուզված): Գնա, պետք է գնալ։

ՋԱՀԱՆԳԻՐ. (Համբուրվելով): Փող ո՞ւնիս մոտդ։