Էջ:Shirvanzade, Collection works, vol. 7.djvu/181

Այս էջը հաստատված է

ավելի նուրբ եվրոպական կոշիկներ: Սկուտեղը դնում է Շպպանիկի ու Սանամի առջև և ուզում է հեռանալ):

ՇՊՊԱՆԻԿ. Կանգնիր, մի լավ մտիկ անեմ քեզ, այ մարալ: Երեկ ծնողներիդ մոտն էի։


ՍՈՒՍԱՆ. (Հետաքրքրված): Ի՞նչպես են։

ՇՊՊԱՆԻԿ. Հայրդ ուրախ, մայրդ ուրախ — բախտավոր։ Էհ ապրիր հիմա, լվլվա, տես ինչ տուն բերեց քեզ Շպպանիկը։ (Սանամին): Բոյը չինար, աչքերը գիլաս֊գիլաս, ունքերը ղալամով քաշած, մատներ ունե շիմշազի պես։ (Վեր է կենում պինդ գրկում Սուսանին և համբուրում): Ըհ, Շպպանիկը մախմար, մախմար թշերիդ մատաղ։

ՍՈՒՍԱՆ. (Ամոթխածությունից, կարմրելով երեսը դարձնում է և լուռ գնում է ձախ կողմի դռնով):

ՏԵՍԻԼ 3

ՍԱՆԱՄ և ՇՊՊԱՆԻԿ

ՍԱՆԱՄ. Խեղճ երեխային ամաչեցրիր։


ՇՊՊԱՆԻԿ. Հը, ասա տեսնեմ, շնորհակա՞լ ես ինձանից, թե չէ։ (Նստում է և սկսում է սուրճն խմել պնակից):

ՍԱՆԱՄ. Տափից մինչև երկինք շնորհակալ եմ, տափից մինչև երկինք։ (Ծխամորճը դանդաղորեն մի կողմ դնելով, սկսում է սուրճն խմել բաժակից):

ՇՊՊԱՆԻԿ. Համ սիրուն, համ խելոք, համ էլ պատվով, մեծ ու պստիկ ճանաչող։

ՍԱՆԱՄ. Եվ ամոթով, о՜, շատ ամոթով, շատ պարկեշտ։ Տեսնո՞ւմ ես այս լուսամուտները, այս երեք չորս ամսվա մեջ մի անգամ էլ չի մոտեցել, որ փողոց մտիկ անի:

ՇՊՊԱՆԻԿ. Քեզ էլ սիրում է, իհարկե, ու պատվում։

ՍԱՆԱՄ. Օրհնվի նրա ծնունդը։ Ամեն գիշեր ինքն է շինում տեղերս ու ինձ պառկեցնում։ Մինչև քնելս մեջքս ճմռում է։ Շաբաթ օրերը գլուխս լվանում է։ Էլ չեմ խոսում եփել-կարելու մասին։ Խնձորի դոլմա է եփում, որ մատներդ էլ հետը կուտես։ Թոռ գործելում նմանը չկա։ Մի խոսքով, կարող եմ ասել, որ ոսկի է։