Շպպանիկը պարերով և երգելով մտավ և աչքալույս ասաց։ Մայրդ ասում էր, որ հայրդ թոկ էր սապնել վզովը գցեցելու, եթե դու պարզերես դուրս չգայիր։ Երանի գիտենայի այժմ նա զղջո՞ւմ է, որ քեզ փչացած էր համարում։
ՍՈՒՍԱՆ. Զղջում է, Սուսամբար, զղջում է։ Ամեն անգամ ինձ տեսնելիս ամոթից կարմրում է։ Բայց ինչ օգուտ, որ ինձ էլ անբախտացրեց, այն խեղճ տղային էլ։ Լսիր, Սուսամբար։ Սրանից երեք օր առաջ երազումս տեսա նրան։ Աստված իմ, ինչպես էր փոխվել։ Ես մոտեցա նրան, ձեռը բռնեցի։ Թվում էր, որ մենք երեխաներ ենք, թթի
ծառի տակ։ Խոսիր, ասացի, խոսիր, Սեյրան. ինչո՞ւես տխուր։ Հայրդ ծեծե՞լ է քեզ։ նա չխոսեց, ձայն չհանեց։ Ծուռ֊ծուռ մտիկ արավ երեսիս, շուռ եկավ և հեռացավ։ Մնացի մենակ։ Ահ, նա փախչում էր ինձանից ինչպես մի զզվելի օձից։ Ես գոռացի և ինքս իմ ձայնից զարթնեցի։
ՍՈՒՍԱՄԲԱՐ․ Կարող եմ ասել, որ դա շատ լավ երազ է։ Նա քեզ է մոռացել, դու էլ նրան կմոռանաս, պրծավ գնաց։
ՍՈՒՍԱՆ. Ես առավոտյան բաց արի «Երազագիրքը», նայեցի։ Այնտեղ ասված է՝ «օրը չար է, երազը երրորդ օրը կատարի»։ Այսօր երրորդ օրն է, առավոտից դես ես ահ ու
սարսափի մեջ եմ։ (Գրկում է Սուսամբարին և հանդարտ լալիս):
ՍՈՒՍԱՄԲԱՐ. (Համբուրելով Սուսանին, շոյում է նրա գլուխը): Լավ, հանգստացիր։ Հողերս «Երազագիրք» շինողի գլուխն էլ։ Իսկի չտեսա, որ նրա ասածը կատարվի։
ՍՈՒՍԱՆ․ Սիրտս, սիրտս է վկայում, որ իմ գլխին մի փորձանք է գալու։
ՍՈՒՍԱՄԲԱՐ. Ո՞ւֆ, հոգիս բերանս բերեցիր քո ախ ու վախով։ Դե, հերիք է ինչքան լաց եղար։ Գնա գարմոնդ բեր, ածեմ մի քիչ քեֆդ բացվի։
ՍՈՒՍԱՆ. (Աչքերը սրբելով ու Սուսամբարից բաժանվելով): Գարմոն չունիմ, Սուսամբար, կոտրվեց, դեն գցեցի։
ՍՈՒՍԱՄԲԱՐ. Գիտես ի՞նչ․ եթե այսուհետև լաց ես լինելու, ես քո տունը ոտ չեմ դնիլ։