ՀՄԱՅԱԿ. (Գալիս է պատշգամբից Սամսոնի հետ: Պարզ, համակրելի դեմքով, բաց գույնի մազերով տղամարդ է: Հագնված է ճաշակով: Ձևերը մեղմ են և շատ կիրթ: Ձեռում բռնած է կակուղ գլխարկ):
ՍՈՂՈՄ ՍՈՂՈՄՅԱՆ. (Գալիս է պատշգամբից, Սամսոնի հետևից Ստեփանի հետ: Ալեխառը, կարճ միրուքով, փոքրիկ խորամանկ աչքերով, դեմքի շողոքորթ արտահայտությամբ տղամարդ է: Հագած է տձև սյուրտուկ, սպիտակ ժիլե, որ բավական մաշված է, ծալած օձիքով շապիկ, սև տափակ փողկապ, լայն պանթալոն: Ձևերը ստրկական են):
ՍԱՄՍՈՆ. (Իջնելով պարտեզ): Ես հավանեցի ձեր առաջարկած ոճը իմ նոր տան համար: Կազմեցեք պլանն այդ ոճով, եթե ժամանակ ունիք: Խնդրեմ ծանոթանաք, կինս, աներս:
ՀՄԱՅԱԿ. Վառլամյա՛ն: (Նախ ձեռ է տալիս Արմենուհուն, ապա Կոստանդինին):
ՍՈՂՈՄ ՍՈՂՈՄՅԱՆ. Այո, իմ կարծիքով էլ պարոն ճարտարապետի առաջարկած ոճը լավն է, թեև ուրիշ լավ ոճեր էլ կան: (Իբրև տնացի, չի բարևամ Արմենուհուն ու Կոստանդինին):
ՍՏԵՓԱՆ. (Ծաղրելով): Այո, պատվելի քեռի, ինչպես օրինակ դուք լավ վարժապետ եք եղել, թեև կան ուրիշ լավ վարժապետներ էլ. կամ ես բժիշկ եմ, թեև ուրիշ բժիշկներ էլ կան:
ՍՈՂՈՄ ՍՈՂՈՄՅԱՆ. Ինձ թվում է, սիրելի փեսա, որ դուք մի քիչ ծաղրեցիք ինձ, թեև այդ չի կարելի ծաղր համարել:
ՏԵՍԻԼ 11
ՆՈՒՅՆՔ, ԵՂԻՍԱԲԵԹ և ՎԻՐԳԻՆԵ
ԵՂԻՍԱԲԵԹ. (Երևում է պատշգամբի վրա):
ՎԻՐԳԻՆԵ. (Երևում է պատշգամբի վրա Եղիսաբնթի հետ)։
ՍԱՄՍՈՆ. Ահա՛ և իմ մայրն ու քույրը: