Էջ:Shirvanzade, Collection works, vol. 7.djvu/206

Այս էջը հաստատված է

ԳԻԺ-ԴԱՆԻԵԼ. (Խորհրդավոր): Սուս, Մանիշակս պիտի քնի։ Թող սազ ածեմ նրա համար։ (Սազը դնում է կրծքին, մի քանի վայրկյան նվագում անշարժ, ապա հանդարտ քայլերով գնում է ցանկապատի դռնակով, շարունակ նվագելով): Է՛յ ժողովուրդ, երգս լսեք։

ԲԵՄԻ ՀԵՏԵՎԻՑ. (Սազի նվագումը բավական ժամանակ լսվում է, հետո հեռանալով կամաց-կամաց թուլանում է և ընդհատվում):
ՇՈՒՇԱՆ․ Ածիր, անբախտ, ածիր, ես էլ քո օրն ընկա (Սոնային): Գլուխդ ցավո՞ւմ է։
ՍՈՆԱ. Չէ, մեջքս է ցավում։ Մամա, ի՞նչ պատահեց։ Ինչո՞ւ իմ ընկերներին դուրս արիր։
ՇՈՒՇԱՆ. (Հառաչելով): Էէ, որդի նրանք քո ընկերները չեն, թող գնան իրենց բախտավոր ծնողների մոտ։
ՍՈՆԱ․ Ահ, էլ չի լսվում սազի ձայնը։ Գնաց Դանիել ապերը։ Մամա, նա գի՞ժ է։
ՇՈՒՇԱՆ․ Ասում են, որդի, ո՞վ գիտե։
ՍՈՆԱ․ Նա առա՞ջ էլ գիժ է եղել։
ՇՈՒՇԱՆ․ Չէ, որդի, առաջ այդպես չէր։
ՍՈՆԱ․ Ինչի՞ցն է գժվել, մամա։
ՇՈՒՇԱՆ․ Թող որդի, ժամանակը չէ դրա մասին խոսելու։
ՍՈՆԱ․ Մամա, պատմիր, ես ուզում եմ լսել։
ՇՈՒՇԱՆ. Դե, լսիր, որդի։ (Նստում է Սոնայի քով և գրկում նրա գլուխը): Ասում են, որ շատ տարիներ սրանից առաջ Դանիելը խելքը գլխին մարդ էր, ընտանիքի տեր։ Նա ուներ մի չորս տարեկան տղա։ Մի օր խեղճ երեխան հիվանդանում է և մի շաբաթ չանցած մեռնում։ Դանիելը այնքան է տխրում, որ զրկվում է քնից ու հանգստությունից։ Երկու տարի անցած՝ աստված նրան պարգևում է մի աղջիկ։ Դանիելը մխիթարվում է։ Բայց պատահում է մի ուրիշ անբախտություն, մի առավոտ նրա կնիկը, հորից ջուր քաշելիս, սլկվում է և ընկնում։ Նրա գլուխը դիպչում է ջրհորի պատերին, ջարդվում։ Դուրս են բերում նրան այնտեղից մեռած։ Դանիելն անբախտանում է։
ՍՈՆԱ․ (Ցրված): Խեղճ Դանիել ապեր։