Էջ:Shirvanzade, Collection works, vol. 7.djvu/207

Այս էջը հաստատված է

ՇՈՒՇԱՆ․ Նրա մինիկ մխիթարությունը կյանքում մնում է երեխան։ Դանիելն իր սիրտը, հոգին տալիս է նրան։ Երեխան օր-օրի վրա մեծանում է և քանի մեծանում է, այնքան նմանվում է իր մորը։

ՍՈՆԱ. Դու տեսե՞լ ես նրան։
ՇՈՒՇԱՆ. Ինչպե՜ս չէ։ Դա մի սիրուն աղջիկ էր շեկ մազերով, կապույտ աչքերով։
ՍՈՆԱ. Շեկ մազերո՞վ։ (Նայում է իր մազերին): Ինձ նման։
ՇՈՒՇԱՆ. Այո, որդի, նա քեզ էր նման։ (Ուշադիր դիտելով Սոնային): Սպասիր, աղջի սպասիր։ Ի՜նչ եմ ասում, քեզ նման էր։ Դու նա ես, ոտքից մինչև գլուխ, հա, հիմա եմ տեսնում։
ՍՈՆԱ. Պատմիր, մամա, պատմիր։
ՇՈՒՇԱՆ. Աղջկա անունը Մանիշակ էր։ Դանիելը նրան պաշտում էր սրբի պես։ Բայց աստծու ձեռքը նրա ճակատից ջնջած է լինում բախտ ասած բանը։ Յոթ տարեկան է լինում Մանիշակը, երբ պատահում է մեծ երկրաշարժը։
ՍՈՆԱ. Հետո՞, հետո՞։
ՇՈՒՇԱՆ. Երեխան մնում է փլատակների տակ։
ՍՈՆԱ. Մեռնո՞ւմ է։
ՇՈՒՇԱՆ. (Հառաչելով): Մեռնում է։
ՍՈՆԱ. Ի՞նչ է անում Դանիել ապերը։
ՇՈՒՇԱՆ. Ի՞նչ կարող է անել մինիկ զավակին կորցնող ծնողը։ Խելքը կորցնում է։
ՍՈՆԱ. (Հուզված): Խեղճ Դանիել ապեր, խեղճ Դանիել ապեր։
ՇՈՒՇԱՆ. Երկրաշարժի ժամանակ նա իր խանութումն է լինում։ Տուն է վազում ոտաբաց, գլխաբաց, տեսնում է անբախտի դիակը։
ՍՈՆԱ. (Ավելի հուզված): Հետո՞, հետո՞։
ՇՈՒՇԱՆ. Ասում են տեսնողները, որ Դանիելն այնպես է գոռում, այնպես, որ ամենքը սարսռում են։ Հետո նա ընկնում է դիակի վրա։ Մինչև երեկո չեն կարողանում նրան հեռացնել։ Իրիկնադեմին ոտքի է կանգում՝ խելքը կորցրած։ Յոթ տարի է անցել այն օրից։ Անբախտ մարդը, տուն ու տեղ մոռացած, թափառում է փողոցներում, ողբալով կորած զավակին։ Նա իրանից երգեր է