Էջ:Shirvanzade, Collection works, vol. 7.djvu/210

Այս էջը հաստատված է

բերելով մի ափսեի վրա մի կտոր հաց, աղ և մի քանի շյուղեր կանաչ սոխ ու դնում է հոր առջև):

ՇՈՒՇԱՆ. (Հեռվում կանգնած, ձեռները ծոցերին դրած, խորին կշտամբանքով նայում է Ոսկանին, գլուխը տխուր շարժելով ու հառաչելով):
ՈՍԿԱՆ. Այ, այդպես։ Օղին առանց մազայի համ չունե։ (Խմում է: Սոխը թաթխում է աղի մեջ և ուտում) է՜էխ, Է՛խ, մարդիկ կան, որ քարոզում են․ «Ուստա Ոսկան, մի՛ խմիր»։ Հեշտ է ասել։ Ես մի օր Մադրասեցի տեր-Սարգսին շատ նեղը գցեցի։ Գիտես, Շուշան, նա օրինավոր կոնծողներից է։ (Բաժակը նորից լցնում է): Գինին կուլայով է խմում։ Հա, մի օր նրան հարցրի․ «Տեր հայր, հարբելը մե՞ղք է»։ Նա ասաց․ «Իհարկե»։ Ես հարցրի․ «Հապա, դու ինչու ես հարբում»։ «Ես գինի եմ խմում, ասաց, գինին Քրիստոսի արյունն է»։ «Իսկ օղի՞ն», հարցրի ես։ «Օղին, ասում է, սատանայի արյունն է»։ «Դե որ այդպես է, ասացի ես, ես քրիստոնյա եմ, դու հեթանոս, դու Քրիստոսի արյունն ես ծծում, ես սատանայինը»։ Քո արևն եմ ասում, Շուշան, տեր-Սարգսի լեզուն պապանձվեց։ (Բաժակը նորից դատարկում է, և նորից լեցնում):
ՇՈՒՇԱՆ. (Սոնային): Գնա միս կոտորիր, կրակ դիր խորովածի համար։
ՍՈՆԱ․ Աչքիս վրա։ (Գնում է տնակի դռնով


ՏԵՍԻԼ 8

ՈՍԿԱՆ և ՇՈԻՇԱՆ


ՇՈՒՇԱՆ. (Սոնայի գնալուց հետո, մոտենում է Ոսկանին): Լսիր մարդ, ցավս լսիր։
ՈՍԿԱՆ. Լսում եմ, ասա։
ՇՈՒՇԱՆ. Աղջիկդ ցավագար է։
ՈՍԿԱՆ. (Բավական անտարբեր) Հըը՞։ (Խմում է):
ՇՈՒՇԱՆ. (Ավելի զորեղ շեշտով) Աղջիկդ ընկնավոր է։
ՈՍԿԱՆ. Ընկնավո՞ր է։