ՏԵՍԻԼ 12
ՆՈՒՅՆՔ, և թափառական երաժիշտներ
ԵՐԿՈՒ ԹԱՓԱՌԱԿԱՆ ԵՐԱԺԻՇՏՆԵՐ. (Մոտենում են ցանկապատին պատրաստվում են նվագելու):
ՍԱՄՍՈՆ. (Ձանձրույթով): Արմենուհի, թող անցնեն գնան:
ԱՐՄԵՆՈՒՀԻ. Օ՜օ, ո՛չ, այս մեկն ինձ ներիր: Ես շատ եմ սիրում թափառական երաժիշտներին: (Դեպի երաժիշտները): Մի հին եղանակ նվագեցեք:
ԵՐԿՈՒ ԹԱՓԱՌԱԿԱՆ ԵՐԱԺԻՇՏՆԵՐ. (Նվագում են՝ մեկը քյամանչա, մյուսը թառ):
ՍԱՄՍՈՆ. Գոնե չերգեին:
ԱՐՄԵՆՈՒՀԻ. Դրանք չեն երգում:
ՍԱՄՍՈՆ. (Հմայակին): Երևակայեցեք, պարոն Վառլամյան, իմ կնոջ ճաշակը: Երեք անգամ ինձ հետ ճանապարհորդել է Եվրոպայում, տեսել է բոլոր մեծ թատրոնները, լսել է ամենաընտիր երաժիշտներին. Բայրեոթում հիացել է Վագների օպերաներով, Պարիզում Կոլոնի և Լամուրեի օրկեստրներով. Հռովմում Կարուզոյի ձայնով և դարձյալ ախորժում է այդ վայրենի երաժշտությունից:
ՀՄԱՅԱԿ. Ներեցե՛ք, պարոն Սամսոն, ես ճարտարապետ եմ, հիանում եմ Եվրոպական հին և նոր ոճերով. բայց այս ինձ չի խանգարում սիրել և իմ մայրենի երկրի հին վանքերի ճարտարապետությունը: Այն ունի իր առանձին հմայքը:
ՍՈՂՈՄ ՍՈՂՈՄՅԱՆ. Բայց եթե դուք լսեիք Արմենուհու դաշնամուր նվագելը, ամեն բանն կմոռանայիք:
ՍՏԵՓԱՆ. Ա՜ա, վերջապես քեռին մի բան գտավ, որի մասին կարողանում է ասել «այո» և ոչ, թե «և այո և ոչ»:
ՀՄԱՅԱԿ. (Արմենուհուն): Տիկին, ես հուսով եմ, որ անձամբ կվայելեմ ձեր նվագման հաճույքը:
ԱՐՄԵՆՈՒՀԻ. Պայմանով, որ շատ էլ չհավատաք քեռու գովասանքին: Ինձ համար ավելի բարձր են այդ տարրական հնչյունները: Լսեցեք՝ որքան թախիծ, դառը վիշտ, ողբ մի տառապող սրտի: