ՍՈՆԱ. Մամա, ես ուրիշ խոսելու բան չունիմ։ Ասա, քանի՞ տարեկան էի, երբ աստված ինձ պատժեց:
ՇՈՒՇԱՆ. (Ակամա տխուր ձանձրույթով): Վեց։
ՍՈՆԱ. Վեց, տասնույոթ։ Վեցը դուրս գանք, ի՞նչ կմնա։
ՇՈՒՇԱՆ. Կաց, ասեմ։ (Մտածելով ու հաշվելով): Տասնումեկ։
ՍՈՆԱ. (Մռայլ): Տասնումեկ տարի ես ցավագար եմ։
ՇՈՒՇԱՆ. (Մռայլ): Այո, տասնումեկ տարի։ (Լռություն):
ՍՈՆԱ. Մամա, իմ ընկերները մեծացե՞լ են։
ՇՈՒՇԱՆ. (Աշխատում է ծիծաղել): Երեխա, իհարկե, մեծացել են։ Ութ տարի է նրանց չես տեսել։
ՍՈՆԱ. Մանանն էլի հաստլի՞կ է։
ՇՈՒՇԱՆ. Հաստլիկ է:
ՍՈՆԱ. Սիրո՞ւն է։ (Վեր է կենում ու նայում է իրան հայելու մեջ):
ՇՈՒՇԱՆ. Սև-սև աղջիկ է, էլի:
ՍՈՆԱ. Զառիկն էլի կաղո՞ւմ է։
ՇՈՒՇԱՆ. (Ծիծաղում է): Դե, իհարկե, կազում է։
ՍՈՆԱ. (Հայելուց հեռանում է): Երանի տեսնեի նրանց։
ՇՈՒՇԱՆ. Կտեսնես, բալաս, կտեսնես, համբերիր։
ՍՈՆԱ. Համբերիր, համբերիր, միշտ համբերիր։ Ինձ համար ուրիշ բան չի մնում, բացի համբերելուց։ (Մոտենում է լուսամուտին և նայում է դեպի դուրս): Ի՜նչ գեղեցիկ օր է, ինչ պայծառ է երկինքը։ Արար աշխարհը ուրախ, զվարթ, Բայց այն ի՞նչ է հեռվում, մի կտոր սև ամպ։ Նա կամաց-կամաց բարձրանում է, հորիզոնը ծածկում։ Ա՜հ, սարերից զով փչեց, տեսեք, տեսեք, արևի շողերը թռչկոտում են դաշտերի վրա։ Կարծես ճերմակ աղավնիներ լինեն կտուրների վրա։ Լույս ու խավար կռվելու են շուտով։ Ա՜հ, տրաքեց սիրտս, տրաքեց։ (Գլուխը թեքում է լոաամուաի շրջանակին):
ՇՈՒՇԱՆ. (Մեկուսի տանջանքով): Անբախտ երեխա, ո՜րքան է տանջվում։ (Արխալուղը վերջացրել է, գցում է թախաի վրա ու ոտքի ելնում: Նայում է Սոնային խորին վշտով: (Լռություն): Ինչի՞ մասին ես մտածում, որդի։ (Պատասխան չի ստանում, քիչ լոությունից հետո): Ասա, ինչի՞ մասին ես մտածում։