Էջ:Shirvanzade, Collection works, vol. 7.djvu/223

Այս էջը հաստատված է

ԳԻԺ֊ԴԱՆԻԵԼ․ Երկինքը կատաղել է երկրի դեմ։ Սադայելը սարսափում է։ Հրեշտակները կոտորում են չարերին աստծու հրամանով։ (Վերցնում է գլխից տոպրակը, մի կողմ գցում, ոտները սրբում է դռների մոտ և ներս մտնում):


ՍՈՆԱ. (Թույլ, գլուխը կրծքին թեքած): Ինչո՞ւ ես եկել, անբախտ, այդ սարսափելի արհավիրքին։

ԳԻԺ-ԴԱՆԻԵԼ. Ասլան Դանիելի համար արհավիրք չկա, կայծակ չկա, կարկուտ չկա։ (Սոնային): Վեր կաց ոտքի, լուր եմ բերել, սիրուն բալաս, մորդ համար։ Ուրախ լուր է, բախտավոր ես, Շուշան բաջի։ (Սոնային): Վեր կաց, վեր կաց, շորերդ հագիր, նոր շորեր, սիրուն աղջիկ։ (Բռնում է Սոնայի ձեռքից ու բարձրացնում է նրան:

Կայծակ և որոտը կամաց-կամաց դադարում են:

ՍՈՆԱ. (Հպատակվելով Դանիելին, լուռ վեր է կենում):

ՇՈՒՇԱՆ. Ի՞նչ լուր ես բերել այս անբախտի օրին, Դանիել ախպեր։

ԳԻԺ֊ԴԱՆԻԵԼ. (Մեղմիկ Սոնային): Դու գնա, քիչ հետո կասի մայրդ։ Գնա, գնա, գնա, այ, այնտեղ։ (Բռնում է Սոնայի թևից և ուղղում նրան դեպի ձախ կողմի դռները):

ՏԵՍԻԼ 3

ՇՈՒՇԱՆ և ԳԻԺ-ԴԱՆԻԵԼ

ԳԻԺ-ԴԱՆԻԵԼ. (Խորհրդավոր): Պետք է գային, Շուշան բաջի. հեղեղը չթողեց։ Հենց որ անձրևը կտրվի, կգան։


ՇՈՒՇԱՆ. Չեմ հավատում իմ բախտին։

ԳԻԺ֊ԴԱՆԻԵԼ. (Վշտացած): Ասլան Դանիելը սուտ չի խոսում, մեղք մի՛ արա։ Աչքովս տեսա, ականջովս լսեցի, գալու են։ Համ կտեսնեն — կհավանեն, համ էլ նշան կտան — կնշանեն։ Էյ, Մանիշակ, ուրախացիր։ Մուրադը քեզ սիրել է ուխտի գնալիս։ Գիշերները նա քուն չունե, ցերեկները դադար չունե, ես լավ գիտեմ։ Հեյ, Ասլան Դանիելը շատ բան գիտե։ Դե շուտ արա, բախտավոր մայր, պատրաստություն տես: