վերցրու, նորերը գցիր, հետո երեսդ լվացիր վարաղի սապոնով, նոր արխալուղդ հագիր։ Շուտ֊շուտ։ (Շալը վերցնում է թախտի վրայից):
ՍՈՆԱ. Ի՞նչ է պատահել։
ՇՈՒՇԱՆ. Լսիր, որդի, մի՞տդ է այն օրը, երբ մենք գնում էինք սուրբ Կարապետի մասունքին ուխտի։
ՍՈՆԱ. (Ցրված): Ի՞նչ, սուրբ Կարապե՞տ, ո՞ւխտ։ Չեմ հիշում։
ՇՈՒՇԱՆ. Դու ամեն բան մոռանում ես։ Լսիր։ Այդ օրը ճանապարհին մենք պատահեցինք մի խումբ ուխտավորների։ Նրանց մեջ կար մի ձիավոր։ Նա մի քանի անգամ մոտեցավ մեզ ու խոսեց։ Այդ ձիավորը Դանիելի եղբոր որդին էր։
ՍՈՆԱ. Լավ. հետո՞։
ՇՈՒՇԱՆ. Նա քեզ հավանել է։ Հիմա նրա կողմից խնամախոսներ են գալու։ Մի ամիս է Դանիելը գնում֊գալիս էր, այդ մասին խոսում — չէի հավատում։ Երևի աստված ուզում է մեզ խնայել։
ՍՈՆԱ. Մամա, ի՞նձ պիտի նշանեն։
ՇՈՒՇԱՆ. Իհարկե, քեզ, ոչ թե ինձ։
ՍՈՆԱ. Մամա, նրանք գիտե՞ն, որ ես ցավագար եմ։
ՇՈՒՇԱՆ. Ինչ է հարկավոր, որ իմանան։
ՍՈՆԱ. Չէ, մամա, այդ անկարելի է, ես այդ չեմ կարող անել։
ՇՈՒՇԱՆ. Գժվե՞լ ես, աղջի։ Հազիվ բախտդ բացվել է, ու դու նրան հակառակում ես։
ՍՈՆԱ. Մամա, մեղք է։ Եթե իմանան, որ ես ընկնավոր եմ, ոտ չեն դնի մեր տունը։
ՇՈՒՇԱՆ. Չեն իմանալ։ Դանիելը Մանիշակի անունով է երդվել, որ չի ասիլ։
ՍՈՆԱ. Բայց ե՛ս կասեմ, մամա, ե՛ս։
ՇՈՒՇԱՆ. (Զարմանալով): Ձայնդ կտրիր, մի' թողնիր ինձ կրակի մեջ։
ՍՈՆԱ. Մամա, եթե իմանամ, որ դու իմ պսակվելով կրակից կազատվես, կլռեմ, բայց չէ՞ որ պսակվելուց հետո նրանք կիմանան, որ ես ընկնավոր եմ։
ՇՈՒՇԱՆ. Պսակվելուցդ հետո էլ դու չես ուշաթափվիլ։
ՍՈՆԱ․ Չե՞մ ուշաթափվիլ։