ՈՍԿԱՆ. (Ութ տարվա մեջ ծերացել է): Սատկած լինեի ավելի լավ կլիներ ինձ համար, քան թե արթուն։ Հը՞մ, ի՞նչ է պատահել, որ ուրախ ես։
ՇՈՒՇԱՆ. Կասեմ, համբերիր, լավ բան է պատահել։
ՈՍԿԱՆ. (Դառը ծաղրով): Լավ բան, լավ բան։ Ի՞նչ լավ բան կարող է լինել, քանի որ այստեղս (Ցույց է տալիս կոկորդը): չորացել է։
ՇՈՒՇԱՆ. Շուտով կթրջես, այսօր, կարող ես։ Եթե հյուրեր գան, մարդավարի ընդունիր։ (Շտապով գնում է խորքի դռներով):
ՏԵՍԻԼ 6
ՈՍԿԱՆ մենակ, հետո ՍՈՆԱ
ՈՍԿԱՆ. (Մենակ): Ի՞նչ, հյուրե՞ր։ (Սկսում է դես ու դեն նայելով ինչ-nր փնտրել: Թախտի սոսկից դուրս է բերում մի զույգ չմուշկներ, նայում է արհամարհանքով, ետ շըպըրտում: Ուզում է սնդուկը բանալ, փակ է, բարկանում է): Չկա, բան չկա։
ՍՈՆԱ. (Գալիս է ձախ կողմի դռներով նոր արխալուղ հագած, կոճակները կապելով): Բարով, հայրիկ։ (Վերցնում է պատերի տակից հին մինդարները, դնում է թախտի վրա, փոխարենը նորերը գցում, վերցնելով թախտի վրայից):
ՈՍԿԱՆ. Բարով, բարով։ Այդ ի՞նչ է, նոր արխալո՞ւղ ես հագել։
ՍՈՆԱ. Այո, հայրիկ։
ՈՍԿԱՆ. Լավ է, լավ է, սազում է։ Պետք է շնորհավորել, Սոնա չէ՞։
ՍՈՆԱ. Շնորհակալ եմ, հայրիկ։
ՈՍԿԱՆ. Բա, այդպես չոր ու ցամա՞ք։
ՍՈՆԱ. Ի՞նչ ես ուզում, հայրիկ։
ՈՍԿԱՆ. (Մատը զարկում է իր կոկորդին): Ա՛յ։
ՍՈՆԱ. (Ծիծաղելով): Չունիմ, հայրիկ, չունիմ դրանից։
ՈՍԿԱՆ. Գիտեմ որ չունես, բայց փող կունենաս։