Էջ:Shirvanzade, Collection works, vol. 7.djvu/234

Այս էջը հաստատված է

կին, բայց ոտներին եվրոպական կոշիկներ, որոնց սրբում է դռների մոտ): Բարով։


ՇՈՒՇԱՆ. Բարով, հազար բարի (Հյուրերին հրավիրում է նստել մինդարների վրա): Համեցեք, համեցեք:

ԱՄԵՆՔԸ. (Նստում են, բացի Շուշանից: Ոսկանը նստում է ամենից հետn): Լռություն երկարատև:

ԿԱՐԱՊԵՏ. (Նայել է առաստաղին): Ձեր կտուրը կաթո՞ւմ է։

ՈՍԿԱՆ. Չի կաթում, պինդ է շինած։

ԿԱՐԱՊԵՏ. Անձրևը անձրև չէր, ջրհեղեղ էր։

ՈՍԿԱՆ. Շատ թունդ էր։

ԿԱՐԱՊԵՏ. Ի՜նչպես էր որոտում երկինքը, ի՜նչպես:

ՈՍԿԱՆ. Եղիա Մարգարեի ֆուրգոնն էր։

ԶԱՌՆԻՇԱՆ. Ֆուրգո՞նը։

ՈՍԿԱՆ. Հրամանքս, խնամի։ Տարվա այս ժամանակները Եղիա Մարգարեն մեկ֊մեկ ֆուրգոն է նստում, դուրս է գալիս երկինք, դես ու դեն չափ-չափ անում։ Հանգուցյալ հայրս էր ասում։

ԿԱՐԱՊԵՏ. (Մեկուսի ծիծաղում է):

ՇՈՒՇԱՆ. (Նստելով Ոսկանի մոտ): Շատ մի խոսիր։

ԿԱՐԱՊԵՏ. Ուստա Ոսկան, ասենք թե որոտումը Եղիա Մարգարեի ֆուրգոնիցն է, կայծակը ո՞րտեղից է։

ՈՍԿԱՆ. Կայծակը չախմախի քարից է։

ԿԱՐԱՊԵՏ. Չախմախի քարի՞ց։

ՈՍԿԱՆ. Հրամանքս։ Երբ որ Մովսես Մարգարեն ուզում է չիբուխ քաշել, չախմախ է խփում, կայծակ է առաջանում։ (Անհամբեր սպասելով Գիժ-Դանիելին, նայում է դեպի խորքի դռները):

ԿԱՐԱՊԵՏ. (Հեգնորեն): Անձրևը ի՞նչ է, ուստա Ոսկան։

ՈՍԿԱՆ. (Ձանձրույթով): Անձրևն էլ ջուր է էլի թափվում է։ (Առանձին Շուշանին): Այդ չոփուռը զահլես տանելու է:

ՇՈՒՇԱՆ. (Առանձին Ոսկանին): Քիչ խոսիր։ (Վեր է կենում, պահարանի խորշից վերցնում է թեյ, շաքար, թեյի ամաններ, տանում է ձախ դռներով և իսկույն ետ է գալիս)։