Էջ:Shirvanzade, Collection works, vol. 7.djvu/237

Այս էջը հաստատված է

ՈՍԿԱՆ. (Ուշադրություն չդարձնելով Շուշանի վրա, ավելի ոգևորված): Էլ չեմ խոսում կարել, հյուսելու մասին։ Ասեղը ձեռքում պապար−պապար է անում։ Մի խոսքով մեր պապերի խոսքն է. «Լավ սունկը արմատից է ճանաչվում»։ Չէ՞ որ մենք էլ այս քաղաքում մի հայտնի օջախ ենք։ (Դարձյալ մտիկ է անում խորքի դռներին ու անհամբերության նշան է անում):


ՍՈՆԱ. (Հոր գովասանքից շփոթված, վերցնում է դատարկ բաժակները և մատուցարանի հետ տանում ձախ կողմի դռներով):

ՇՈՒՇԱՆ. էհ, աղջիկ է էլի, շատ գովենք, պարծանք կլինի։ (Նկատելով լուսամուտի առջև Գիժ-Դանիելին, շտապով վեր է կենում, ստանում է օղու շիշը, տանում է ձախ կողմի դռներով և իսկույն ետ է գալիս):

ՈՍԿԱՆ. (Օղու շիշը տեսել է, վեր է կացել, ուզում է գնալ ձախ կողմի դռներով):

ՇՈՒՇԱՆ. (Վերադառնալով, խիստ եղանակով Ոսկանին): Տեղդ նստիր, ամոթ է:

ՈՍԿԱՆ. (Նստում է):

ՀՅՈՒՐԵՐ. (Խորհրդակցել են իրարու հետ):

ԶԱՌՆԻՇԱՆ. Շուշան, աղջիկդ դրսից ինձ դուր եկավ, եթե ուրիշ պակասություն չունի, ապրանքը մերն է։

ՈՍԿԱՆ. Ինչքան դրսումն ես տեսնում, երկու այնքան էլ ներսում է։

ՇՈՒՇԱՆ. Լավ֊վատ, դա է։

ԿԱՐԱՊԵՏ. Հը՞մ, ի՞նչ ես ասում, ա մեր։

ԶԱՌՆԻՇԱՆ. Դե, ի՞նչ անեմ, աստված մեզ օգնե։

ՈՍԿԱՆ. Ասա, աստված շնորհավոր անե, պրծավ գնաց։ (Շուշանին): Ա կնիկ, օղի բեր տեսնենք։

ՇՈՒՇԱՆ. Ծանր պահիր քեզ։

ԶԱՌՆԻՇԱՆ. Դե լավ, աստված շնորհավոր անե։

ՈՍԿԱՆ. (Շտապով): Ամեն, ամեն։

Շուշան. ի՞նչ ես քարացել, շարժվիր։

ՇՈՒՇԱՆ. (Մոտենում է ձախ կողմի դռներին): Սոնա փունջը բեր։