Էջ:Shirvanzade, Collection works, vol. 7.djvu/244

Այս էջը հաստատված է

ԶԱՌՆԻՇԱՆ․ (Բարկանում է): Սուս, այդ մասին ոչ մի բառ։


ՋԱՎԱՀԻՐ. Ամբողջ քաղաքն է խոսում, ես ի՞նչ մեղավոր եմ։

ԶԱՌՆԻՇԱՆ. Խոսողների լեզուները չորանան։

ՋԱՎԱՀԻՐ. Թող չորանան, եթե սուտ են ասում։

ԶԱՌՆԻՇԱՆ. Չար մարդիկ ու՞մ չեն բամբասում։ Բայց ես այսօր կխոսեմ նրա մոր հետ։

ՋԱՎԱՀԻՐ. Նա քեզ ճշմարտությունը չի ասիլ, կարող եմ առաջուդ երդվել։

ԶԱՌՆԻՇԱՆ. Դե լավ, քիչ պղտորիր արյունս։ Գնա, հավերին կուտ տուր։ Կարծեմ Մուրադը գալիս է։ Ես էլ գնում եմ երեխաներիդ մոտ։ (Գնում է խորքի աջակողմյան դռներով):

ՋԱՎԱՀԻՐ․ (Կատաղած): Տունը հավաքիր, հավերին կուտ տուր, այս արա, այն արա, իսկ նա այնտեղ պաչպչվի իր մարդու հետ։ (Գնում է աջ կողմի դռներով):

ՏԵՍԻԼ 4

ՄՈՒՐԱԴ և ՍՈՆԱ

ՄՈՒՐԱԴ. (Գալիս է խորքի ձախակողմյան դռներով: Համակըրելի դեմքով երիտասարդ է՝ սափրած երեսով: Հագած է սև մետաքսյա արխալուղ, վրեն սյուրտուկ: Ոտներին եվրոպական կոշիկներ: Ձևերը բարեկիրթ են: Գլխաբաց է): Աղքատությունը մեղք չէ, Սոնա, աղքատությունից ամաչելն է մեղք։ Մենք էլ առաջ աղքատ էինք, բայց մեր աշխատանքով և աստծու զորությամբ մի կտոր հաց ձեռք բերեցինք։ Ես իսկի չեմ ամաչում քո ծնողների աղքատությունից։ Թող նրանք գան֊գնան, երբ ուզում են և որքան ուզում են։ Իմ տան դռները միշտ բաց են նրանց համար: (Ծխախոտ է վառում ու ծխում):


ՍՈՆԱ. (Գալիս է Մուրադի հետևից խորքի ձախակողմյան դռններով: Հագած է շքեղ տեղական հագուստ, ոտներին եվրոպական կոշիկներ): Շնորհակալ եմ, շնորհակալ եմ։ Ես էլ կաշխատեմ քեզ արժանի լինել։