Էջ:Shirvanzade, Collection works, vol. 7.djvu/247

Այս էջը հաստատված է

Մուրադ հավատա, մայրս երեկ ասում էր, երբ մարդ շատ է բախտավոր, կարծում է, որ իրան մի անբախտություն պիտի պատահի։ Ես վախենում եմ։


ՄՈՒՐԱԴ. Ոչ մի բանից մի՛ վախենար, ոչ մի բանից։ Մայրդ էլ միամիտ է, դու էլ։

ՍՈՆԱ. (Իշխելով իրան): Լավ, գնա գործիդ։ Մայրդ կարող է բարկանալ ինձ վրա, մինչև հիմա մատ մատի չեմ խփել, օրը կեսօր է։

ՄՈՒՐԱԴ. Այս տանը ոչ ոք իրավունք չունի քեզ վրա բարկանալու, դու հանգիստ կաց։ Դեհ, ես գնացի, բեր այստեղ գդակս ու վերարկուս։

ՍՈՆԱ. (Շտապով գնում է խորքի ձախակողմյան դռներով և իսկույն ետ է գալիս Մուրադի փոքրիկ մորթե գդակը ձեռքին): Գնա։

ՄՈՒՐԱԴ. (Հագնում է վերարկուն և գդակը ձեռքին գնում է աջ կողմի դռներով):

ՍՈՆԱ. (Ուղեկցելով Մուրադին մինչև աջ կողմի դռները, նայում է նրա հետևից): Ի՞նչ լավ մարդ է։ (Հանկարծ ցնցվում է: ձեռները վեր բարձրացնելով): Տեր, դու ինձ սևերես չանես նրա մոտ։

ՏԵՍԻԼ 5

ՍՈՆԱ և ՋԱՎԱՀԻՐ

ՋԱՎԱՀԻՐ. (Գալիս է աջ կողմի դռներով): Օ՜հ, փառք աստծու գնաց։ Ես մինչև օրս չեմ տեսել մի մարդ ու կնիկ, միմյանց այդպես կպած լինեն, ինչպես դուք: Ծուլությունը, սիրելիս, հարուստ ծնողների աղջկան միայն կարող է սազել:


ՍՈՆԱ. Ջավահիր, լավ բան չէ, որ դու ամեն օր ծնողներիս աղքատությունը երեսովս ես տալիս։

ՋԱՎԱՀԻՐ. Ի՞նչպես չտամ, քանի որ դու Մուստաֆա խանի աղջկա պես ես պահում քեզ այս տանը։ Սենյակը կարգի բերել ես։

ՍՈՆԱ. Այո: