Էջ:Shirvanzade, Collection works, vol. 7.djvu/251

Այս էջը հաստատված է

Կյանքս կտամ, թողեք գնամ իմ յարին։

Մարալ տեսա, խելքս գնաց, պաշտեցի։
Կյանքս կտամ, թողեք առնեմ իմ յարին։
Բարով խանում խաթունիս, բարով կանաչ սարերից, խորը ձորերից, սիրուն դաշտերից։ էհ. Շուշան բաջի, աղջիկդ բախտավոր է. Մուրադին սիրեց, Մուրադը բախտավոր է, աղջկադ սիրեց։ Մանիշակս ծիծաղում է, Մանիշակս ուրախ է. Մանիշակս պարում է։ (Դուրս է բերում ծոցից նշխարք ու տափս է Շուշանին): Առ քեզ նշխարք, ժամհարը տվեց։ Երբ թխում էր. ես մոտն էի:
ՇՈՒՇԱՆ. (Նշխարքն առնելով, մի մասը տալիս է Սոնային մյուսն ուտում) Այո Դանիել ախպեր, աղջիկս բախտավոր է: Ես քեզանից շատ ու շատ շնորհակալ եմ։
ԳԻԺ-ԴԱՆԻԵԼ. (Սոնային): Դո՞ւ ինչ կասես, Սոնա խանում, սիրուն բալա։ Ասա, ասա, ի՞նչ հոգս ունիս, ի՞նչ միտք ունիս։ Ո՞վ է քեզ հետ վատ վարվում։
ՍՈՆԱ. Ոչ ոք, Դանիել ապեր. ոչ ոք. ամենքն էլ ինձ հետ լավ են վարվում, ամենքն էլ սիրում են ինձ։ Ես շնորհակալ եմ քո ազգականներից։
ԳԻԺ֊ԴԱՆԻԵԼ. Պատառ֊պատառ կանեմ, հում-հում կուտեմ (Տոնը փոխելով): Շուշան բաջի, ինձ լսիր. առաջ Մանիշակիս չէի տեսնում երազում, հիմա ամեն գիշեր տեսնում եմ, ամեն գիշեր։
ՍՈՆԱ. Ասա, Դանիել ապեր, ինչպե՞ս ես տեսնում նրան, ո՞րտեղ։
ԳԻԺ֊ԴԱՆԻԵԼ. Տեսնում եմ նրան սիրուն հագուստով, գլխին կարմիր թոռ, հագին բեհեզյա արխալուղ, կրծքին ու ճակատին ոսկիներ, ձեռքին սպիտակ ծաղիկ, երեսին անուշ ծիծաղ։ Հարցնում եմ, ի՞նչ ես անում բալաս, ո՞ւր ես գնում։ Ասում է. «գնում եմ հարսանիք»։ Ո՞ւմ հարսանիքն ես գնում։ Ասում է. «Սոնայինը։ Նա իմ քույրն է, ազիզ քույրը, մինիկ քույրը, աչքիս լույսը»։ «Էյ, հայր, ասում է, ես նրան սիրում եմ, դու էլ սիրիր, գնա ամեն օր նրա մոտ, պահիր, պահպանիր, թե չէ կնեղանամ, շատ կնեղանամ»։ (Առաջ է գալիս):