ՍՈՆԱ. (Մեկուսի): Ախ. սիրտս մղկտում է, երբ նա խոսում է: (Գնում է աջ կողմի դռներով):
ՇՈՒՇԱՆ. Ուրախ կաց, Դանիել ախպեր, Սոնան քո Մանիշակն է:
ԳԻԺ-ԴԱՆԻԵԼ. (Ոգևորված սազը բարձրացնելով վեր, երգի եղանակով): Սոնա, Սոնա. Օվսաննա, սիրուն Սոնա, Օվսաննա: (Տոնը փոխելով): Կուզե՞ս, որ նրա համար սազ ածեմ:
ՇՈՒՇԱՆ. Ածիր, Դանիել ախպեր, Սոնաս շատ է սիրում։
ԳԻԺ-ԴԱՆԻԵԼ. Ականջ դիր։ Լեյլիի երգն եմ ածելու, երազումս եմ լսել (Նվագում է առաջ երեսը դեպի հասարակություն, հետո դեպի Սոնան):
ՍՈՆԱ. (Վերադառնում է աջ կողմի դռներով և գլուխը հենելով դռների շրջանակին հիացմունքով ականջ է դնում, արխալուղի ձուլած թևերն ուղղելով, հետո ձեռները կախ գցելով): Նստիր, նստիր Դանիել ապեր։
ԳԻԺ-ԴԱՆԻԵԼ. (Նվագելով): Չէ՛ չէ՛ չէ՜: Ասլան Դանիելը ցերեկները չի նստում, չի պառկում, չի քնում։ Նա մինչև կես գիշեր թափառում է փողոցները, դաշտերը, սարերը, ձորերը։ Ծառերից պտուղ է քաղում, աղբյուրներից ջուր է խմում։
ՍՈՆԱ. Ինչ լավ ես ածում։ (Հափշտակված է լսում):
ԳԻԺ–ԴԱՆԻԵԼ. Նա կանգնում է ավերակների վրա, սուգ է ասում, ողբ կարդում։ Աստված ինքն է հրամայել։ Ես անտուն եմ, անտեր։ Ես էլ ունեի տուն ու տեղ։ Ես էլ սիրում էի կնոջս Մուրադի պես։ Աստված չուզեց, որ ապրեմ, աչքերս հանեց, դեն գցեց։ Սոնա խաթուն, ուրախ կաք, խեղճ է մայրդ, թող ապրի, քեզ տեսնելով մխիթարվի։ (Երգում է):
Էյ ժողովուրդ, երգս լսեք,
Ես բյուլբյուլ եմ Գյուլիստանի բաղերից։
Էյ ժողովուրդ, դարս լսեք,
Ես բայղուշ եմ Դաղստանի սարերից... և այլն։
ՍՈՆԱ. (Հանդարտ լալիս է հուզմունքից):