Էջ:Shirvanzade, Collection works, vol. 7.djvu/264

Այս էջը հաստատված է

ՄՈՒՐԱԴ. (Զարմացած): Զարմանալի է, զարմանալի. որքան աստված անարդար է դեպի քեզ, այնքան դու ավելի պինդ ես բռնում նրա փեշերը:

ՍՈՆԱ. (Նույն երկյուղածությամբ): Հոգիտ դժողքի բաժին մի դարձնիր, Մուրադ: Նա արդարադատ է: Նա ամեն մեկին իր մեղքերի պատիժն է տալիս:
ՄՈՒՐԱԴ. Բայց դու ի՞նչ մեղք ես գործել, երեխա, որ այդքան խիստ է վարվում նա քեզ հետ:
ՍՈՆԱ. (Դառը հեգնական ծիծաղ): Ի՞նչ մեղք. հա, հա, հա, ի՞նչ մեղք: Ես մինչև կոկորդս թաղվածեմ մեղքերի մեջ: Եվ գիտե՞ս որն է իմ ամենամեծ մեղքը:
ՄՈՒՐԱԴ. Ո՞րն է:
ՍՈՆԱ. Այն, որ ես իմ ծնողների տնից քեզ չզգուշացրի, որ ցավագար եմ, աստծուց պատժված: Բայց ի՞նչ անեի, ի՞նչ անեի, քանի որ լեզուս կաշկանդված էր մորս պատճառով:
ՄՈՒՐԱԴ. Եվ դու կարծում ես, որ եթե իմանայի քո ցավագար լինելը, ձեռք կվերցնեի՞ քեզանից: Ոչ Սոնա: Ոչ առանց քեզ ապրել չէի կարող: Ահա տեսնո՞ւմ ես, դու ինքդ աղաչում ես, որ քեզ արձակեմ, ես չեմ արձակում, որովհետև չեմ կարող արձակել, որովհետև քեզ սիրում եմ...
ՍՈՆԱ. (Իր մտքերով կլանված): Մայրս էլ է մեղավոր: Նա ստում էր. որ եթե ես պսակվեմ, կազատվեմ իմ ցավից: Ես էլ հիմարի պես հավատացի նրան: Ինչո՞ւ ինչո՞ւ: (Մոտենում է լուսամուտներից մեկին և, ձեռը դնելով նրա շրջանակի վրա, գլուխը հենում է իր թևին): Բավական երկարատև լռություն:
ՄՈՒՐԱԴ. (Ծխախոտ է վառել, ու ծխելով անց ու դարձ արել: Նայում է Սոնային խորին կարեկցությամբ: Մեկուսի): Խե՜ղճ Սոնա, խեղճ Սոնա: (Հանդարտ քայլերով մոտենում է Սոնային): Ինչի՞մասին ես մտածում:
ՍՈՆԱ. (Չի լսում):
ՄՈՒՐԱԴ. Սոնա՜:
ՍՈՆԱ. (Չի լսում):
ՄՈՒՐԱԴ. (Ձեռը դնում է Սոնայի ուսի վրա): Սոնա՜: