Էջ:Shirvanzade, Collection works, vol. 7.djvu/265

Այս էջը հաստատված է

ՍՈՆԱ. (Ցնցվում է ու գլուխը բարձրացնում է): Ա՜հ։

ՄՈՒՐԱԴ. Ինչո՞ւ վախեցար։
ՍՈՆԱ. Այդ դո՞ւ ես։
ՄՈՒՐԱԴ. Ես եմ։ Ուրիշ մարդ չկա այստեղ։ Էլի մոռացա՞ր ինձ։
ՍՈՆԱ. (Ճակատը շփելով): Ոչ, ոչ, ուրիշ ձայն լսեցի։ Ինձ թվաց, որ կտուրի վրայով սայլեր անցան։ Ահ, ականջներս, ականջներս, նրանք միշտ ձայներ են լսում. տարօրինակ ձայներ։ Ա՜հ, գլուխս, գլուխս ցավում է, հոգնել է։ Բայց ոչինչ, ոչինչ, չարժե մտածել. (Լուսամուտից տեսնում է Գիժ-Դանիելին և ուրախության թեթև նիշ է արձակում): Ա՜հ։
ՄՈՒՐԱԴ. Ի՞նչ տեսար։
ՍՈՆԱ. Նա գալիս է, գալիս է։
ՄՈՒՐԱԴ. Ո՞վ է գալիս։
ՍՈՆԱ. Սուրբը, սուրբը։
ՄՈՒՐԱԴ. (Զարմացած): Սո՞ւրբը։
ՍՈՆԱ. (Ոգևորված): Նա սուրբ է, Մուրադ։ Մենք ամենքս մեղավոր ենք, նա է միայն արդար։ Լսիր, լսիր հրեշտակները նրա հոգին կվերցնեն իրանց ճերմակ թևերի վրա, կտանեն դեպի արքայություն։ Սիրիր նրան, պաշտիր, եթե չես ուզում բարկացնել երկնավորին։ Գնանք առաջ նրան ընդունելու։ (Գնում է դեպի աջ կողմի դռները):
ՄՈՒՐԱԴ. (Ապշած): Տեր աստված, ի՞նչեր է խոսում, ոչինչ չեմ հասկանում. (Հետևում է Սոնային):

ՏԵՍԻԼ 3

ՆՈԻՅՆՔ և ԳԻԺ-ԴԱՆԻԵԼ

ԳԻԺ֊ԴԱՆԻԵԼ. (Երևում է աջ կողմի դռների մեջ: Արխալուղի վրա հագել է պատառոտված չուխա: Գլխաբաց է, չնայելով ձյունին և ցրտին: ձեռքին բռնած է մի հաստ գավազան):

ՄՈՒՐԱԴ. Դա հորեղբայրս է, ի՜նչ սուրբ։
ԳԻԺ֊ԴԱՆԻԵԼ. (Հանդիսավոր): Օրհնություն այս տանը. աստծո