Էջ:Shirvanzade, Collection works, vol. 7.djvu/271

Այս էջը սրբագրված է

չի կարելի, Մուրադ, մի ամիս է տնից դուրս չես գալիս: Գործերդ մնացել են անտեր: Ես մեն-մենակ ոչինչ չեմ կարողանում անել: Գրել-կարդալ չգիտեմ, հաշիվները խառնում եմ: Մենք կոտր կընկնենք, եթե դու ուշքի չգաս:


ԶԱՌՆԻՇԱՆ. Լսո՞ւմ ես, որդի:

ՋԱՎԱՀԻՐ. Երեխաներիս խնայիր:

ԿԱՐԱՊԵՏ. Գնանք, Մուրադ, գնանք, դուքան։ Ես եկել եմ քեզ տանելու, որ մի քանի հաշիվներ կան, վերջացնես, գնանք։

ՄՈՒՐԱԴ. (Քիչ խորհելուց հետո): Լավ, կգամ: Դու գնա, ես իսկույն կգամ։

ԿԱՐԱՊԵՏ. Անպատճա՞ռ։

ՄՈՒՐԱԴ. Անպատճառ։

ԿԱՐԱՊԵՏ. Շնորհակալ եմ։ (Գնում է աջ կողմի դռներով):

ՄՈՒՐԱԴ. (Զանռիշանին և Ջավահիրին): Լավ հեռացեք, թողեք ինձ մի քանի րոպե մենակ։

ԶԱՌՆԻՇԱՆ. (Ջավահիրին)։ Գնանք, աղջի. (Գնում է խորքի աջակողմյան դռներով):

ՋԱՎԱՀԻՐ. Գնանք։ (Գնում է խորքի աջակողմյան դռներով):


ՏԵՍԻԼ 8




ՄՈԻՐԱԴ, հետո ՍՈՆԱ



ՄՈՒՐԱԴ. (Մնալով մենակ, նստում է թախտի վրա և մի քանի վայրկյան մտածում: Հետո մի վճռական շարժումն է անում, վեր է կենում և մոտենում խորքի ձախակողմյան դռներին): Սոնա, բե՛ր այստեղ վերարկուս ու գդակս։

ՍՈՆԱ. (Գալիս է խորքի ձախակողմյան դռներով՝ Մուրադի ձմեռվա վերարկուն ու գդակը ձեռքին: Նրա քայլվածքը մեքենայական է, հայացքը սառը, անշարժ: Մեքենաբար բռնում է վերարկուն, որ Մուրադը հագնի):

ՄՈՒՐԱԴ. Լսիր Սոնա, ես գնում եմ խանութ, շուտով ետ կգամ։

ՍՈՆԱ. (Անտարբեր): Լավ։